Արմինֆո. «Երկիր Ծիրանի՚ կուսակցությունը նամակով դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ ղեկավար Վահրամ Շահինյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին` նախօրեին Երևանի ավագանում խորհրդի նիստում «Երկիր Ծիրանիի՚ և ՀՀԿ անդամների միջև տեղի ունեցած ծեծկռոցի առնչությամբ: Նամակի հեղինակները, մասնավորապես, պահանջում են քրեական գործ հարուցել նիստի ընթացքում ՀՀԿ անդամների կողմից «Երկիր Ծիրանի՚ կուսակցության անդամների վրա հարձակման փաստի առնչությամբ:
Երևանի քաաղքապետարանն, իր հերթին, հանդես է եկել հայտարարությամբ, որում «Երկիր Ծիրանիի՚ անդամների գործողությունները որակել է անթույլատրելի, նորմալ մարդուն ոչ վայել և հակասանիտարական:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ավագանու խորհրդի նիստում ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը շշով կոյուղաջուր էր բերել և փորձել դնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին:
Սակայն, Մարգարյանը, գիտակցելով իրեն սպառնացող վտանգը, ՀՀԿ խմբակցության անդամներին կարգադրել էր կասեցնել Խաչատրյանի գործողությունը, ինչին հետևել էր ծեծկռտուք, որին միջամտել էին «Ելք» խմբակցության անդամները` փորձելով բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին: Արդյունքում` Ավագանու խորհրդի նիստն ընդհատվել էր, քաղաքապետարանի շենք էին ժամանել Ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև հոգեբույժների խումբ: