Արմինֆո. Հայաստանը նախատեսում է որքան հնարավոր է արագ վավերացնել ԵՄ հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության շուրջ համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնի հետ հանդիպմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին Եվրոպական միության հետ Ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ մեր երկիրը նախատեսում է արագ իրականացնել վավերացման գործընթացը:
Անդրադառնալով հայ-էստոնական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այդ հարցը բավականին մանրամասն քննարկել է նաև Դավոսում Էստոնիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և անհրաժեշտ համարել գործարար ֆորումների կազմակերպումն ու անցկացումը՝ առկա ներուժի իրացման նպատակով: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ էստոնական բիզնեսի համար Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ԵԱՏՄ և իրանական շուկաներ մուտք գործելու առումով՝ հաշվի առնելով մեր երկրի արտոնյալ առևտրային ռեժիմները:
Դեսպան Կաարելսոնը ևս կարևորել է տնտեսական համագործակցության զարգացումը և պատրաստակամություն հայտնել նպաստել համապատասխան միջոցառումների իրականացմանը: Վերջինս ընդգծել է, որ Էստոնիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբեությունների ընդլայնմամբ և խորացմամբ: Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի թվային օրակարգի շուրջ Էստոնիայի փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Էստոնիան ԵՄ պետություններից առաջինն է վավերացրել Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդման համաձայն, Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:
Հավելենք, որ նման համաձայնագրերի վավերացման ընթացակարգն Էստոնիայում անցկացնում է ոչ թե խորհրդարանը, այլ կառավարությունը` պարզեցված ռեժիմով: ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրն տորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: