Արմինֆո. Ադրբեջանում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Ալիևի որոշումը պատահական չէ. այն պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից ամենագլխավորը միջազգային շուկայում նավթի գների բարձրացում է:Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստւտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետը նշել է, որ ևս մեկ կարևոր գործոն է այն, որ արդեն քառորդ դար Ադրբեջանում
կառավարում է միևնույն կլանը: «Քանի որ ողջ իշխանությունը կենտրոնացած է մեկի ձեռքում, ԱՀ ղեկավարությունը կարող է իրավիճակը «հարմարեցնել» իրեն, և ընտրություններ անցկացնել, երբ իրեն հարմար է: Այժմ ընտրությունների համար շատ բարենպաստ ժամանակաշրջան է՝ կապված նավթի գների բարձրացման, և որպես հետևանք, տնտեսական իրավիճակի կայունացման հետ»,- նշել է Իսկանդարյանը:
Եվ վերջին վճռորոշ գործոնը, քաղաքագետի խոսքով, այն է, որ նման անսպասելի որոշմամբ Ալիևը հանկարծակիի բերեց ընդդիմության ներկայացուցիչներին՝ թույլ չտալով, ինչպես հարկն է, նախապատրաստվել առաջիկա ընտրություններին: Անդրադառնալով «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը՝ քաղաքագետը նշել է, որ այն արվել է՝ նախագահական ընտրություններում վարկանիշի բարձրացման նպատակով:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի մասին՝ փորձագետը նշել է, որ այն նպատակաուղղված էր հակամարտության գոտում հետագա էսկալացիայի կանխմանը: «Ապրիլյան պատերազմից հետո շփման գծում լարվածությունը թուլացել է ու հիմա հիշեցնում է այն, ինչ կար 2012-2013 թ.: Բացի այդ, համանախագահները հիմա աշխատում են շփման գծում դիտարկման մեխանիզմի բարելավման ուղղությամբ»,- նշել է Իսկանդարյանը: