Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մի պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` փետրվարի 12-ին Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռաֆևի հետ համատեղ ասուլիսում:
Մեկնաբանելով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների ժամկետի փոփոխման պատճառների առնչվող հարցին` Հայաստանի նախագահը նշել է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին տեղյակ են այդ երկրի ղեկավարը և մի քանի անհատներ, և դա իր մեկնաբանելու խնդիրը չէ: Նա նաև հավելել է, թե համաձայն չէ այն պանդմանը, որ դրա պատճառը կարող է լինել ղարաբաղյան հակամարտությունը հնարավորինս արագ լուծելու Ադրբեջանի ձգտումը: «Նախկինում՝ նախորդ տարիներին Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին խաղաղ լուծում տալու, բայց, ցավոք, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին: Անկախ նրանից Ադրբեջանում նախագահական, թե խորհրդարանական ընտրություններ կլինեն, դրանք կլինեն արտահերթ, թե ժամկետների մեջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մի պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների առումով: Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների մեջ և զառանցել Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել: Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների ներքո բանակցություններն ինտենսիվացնել, լարվածությունը թուլացնել և հասնել խնդրի լուծմանը: Բայց, ցավոք, մեր ասածները դեռևս մնում են ցանկություններ՚, - նշել է Ս.Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Բուլղարիայի Հանրապետության դիրքորոշմանն այս խնդրում, Սերժ Սարգսյանը նախագահ Ռադևին շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար: «Բուլղարիան բոլոր ատյաններում միշտ սատարել է ԵՄ դիրքորոշմանը և միշտ կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը, ինրը ընդհանուր քաղաքականության շրջանակներում է: Ես հասկանում եմ, թե ինչու է Ձեզ մոտ այսպիսի հարց առաջացել և կարծում եմ՝ պատճառն այն է, որ նախորդ տարվա աշնանը, երբ պարոն նախագահն Ադրբեջանում էր, Ադրբեջանի նախագահը, իբր, շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի դիրքորոշման համար, բայց ես գիտակցում եմ, որ դա պրովոկացիա է: Իրականության մեջ դա պրովոկացիա է, իսկ մենք սադրանքների չենք ենթարկվում: Մենք վստահում ենք մեր բարեկամներին և գիտենք նրանց իրական դիրքորոշումը: Ես շատ լավ հասկանում եմ նաև այն հանգամանքը, թե ինչպես ստացվեց, որ Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում էր ընդամենը մեկ սկզբունքի մասին: Դրանք ժամանակավոր երևույթներ են և պետության դիրքորոշման մասին չեն խոսում: Ցանկացած երկրի որևէ պաշտոնյա կարող է տարբեր հայտարարություններ անել Ադրբեջանի որևէ պաշտոնյայի հետ, բայց մենք պիտի տեսնենք՝ ընդհանրապես այդ երկրի Սահմանադրությամբ, օրենքներով ով իրավունք ունի հայտարարելու, ով ինչպես կարող է մոտենալ խնդրին: Բայց այս հարցով մենք ունենք արդեն շատ մեծ ձեռքբերում. 2017թ. նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթղթում կան շատ հստակ ձևակերպումներ և լուծման տեսլականներ: ԵՄ անդամ երկրները վավերացնելու են այդ համաձայնագիրը, իսկ սա նշանակում է, որ ԵՄ անդամ երկրներում այս փաստաթուղթը ստանալու է օրենքի ուժ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով՚, - հայտարարել է Հայաստանի նախագահը: