Արմինֆո. «Մեր երկու երկրների միջև փոխհարաբերությունները պարզապես ավանդական լավ չեն, այլ նախ և առաջ բարեկամական են, որովհետև մեր երկու ժողովուրդների միջև կան խորը պատմական և մշակութային կապեր, համակրանք և փոխադարձ հարգանք, ինչպես նաև ճակատագրի ընդհանրություններ:
Իմ այցի նպատակը ոչ միայն քաղաքական բարձր մակարդակի վրա գտնվող մեր շփումների ակտիվացումն է, այլ նաև քննարկելը շահագրգիռ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը՚, - հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը` փետրվարի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:
«Մեզ համար կարևոր է, որ մի շարք ոլորտներում մենք որոշակի առաջընթաց ունենանք: Դրա համար մեր պատվիրակության մեջ կան շատ ներկայացուցիչներ, ինչպես գործարար համայնքից, այնպես էլ խորհրդարանից: Մեր ժողովուրդները մեզնից ակնկալում են ավելի սերտ և արդյունավետ համագործակցություն: Մենք դա իրենց պարտական ենք և դրա համար այսօր այստեղ ենք, որպեսզի զարգացնենք փոխգործակցությունը՚, - նշել է Բուլղարիայի նախագահը:
Նա հաղորդել է, որ նախագահ Սարգսյանի հետ միասին քննարկել են երկկողմ փոխհարաբերությունները, գոհունակություն հայտնել վերջին տասը տարում մեր տնտեսական հարաբերությունների կայունությունից, բայց միևնույն ժամանակ կարծում են, որ ապրանքաշրջանառությունը բավարար չէ: «Մենք կարող ենք ավելի բարձր մակարդակի հասցնել այն և առավել ընդլայնել ոլորտները: Գոհունակությամբ ուզում եմ ասել, որ այսօր առավոտից իսկ սկսեցինք աշխատել. փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներն ու գործատուներն արդեն աշխատում են միմյանց հետ, և որքան ինձ հայտնի է՝ պայմանավորվածություն են ձեռք բերել հունիսին Բուրգաս քաղաքում անցկացնելու մեծ գործարար համաժողով, որին ներկա կլինեն մեր երկու երկրների գործարարները: Այդ այցի ժամանակ հուշագիր կստորագրվի երկու երկրների գործատու կազմակերպությունների միջև, որը մեծ առաջընթաց է: Հայաստանի նախագահի հետ միասին մենք ընդհանուր դիրքորոշում ունեցանք, որ մեր երկրները ռազմավարական նշանակություն ունեն, ուստի մենք պետք է արդյունավետորեն օգտագործենք մեր այդ նշանակությունը՝ օգտագործենք Պարսիծ ծոց-Սև ծով ուղղությամբ բազմամոդել միջանցքի առկայությունը մեր փոխհարաբերությունների զարգացման գործում: Այդ կապակցությամբ ողջունում եմ պարոն Սարգսյանի գաղափարը՝ կազմակերպելու այս հարցում շահագրգիռ բոլոր երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում: Այսինքն՝ բոլոր այն հաղորդակցության հնարավորությունները, որ ունենք տրասնպորտային և այլ ոլորտներում, պետք է օգտագործել զարգացնելու համար մեր տնտեսական փոխհարաբերությունները: Շատ կարևոր եմ համարում համաձայնագրերի ստորագրումը, հատկապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ստորագրված աշխատանքային միգրացիայի վերաբերյալ համաձայնագիրը: Մնացած համաձայնագրերը նույնպես շատ կարևոր են, ինչը նշանակում է մեր փոխհարաբերությունների նոր մակարդակ, արդիականացում: Մշակույթի ասպարեզում և նաև գաղտնի տեղեկությունների հարցում ստորագրված փաստաթղթերը ևս շատ կարևոր են:
Մենք ողջունում ենք ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որովհետև դա մեծ հնարավորություն է տալիս, որ մեր երկու պետությունների տնտեսությունների միջև ավելի զարգանան տնտեսական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը՚, - ընդգծել է Բուլղարիայի նախագահը:
Նա հաղորդել է, որ Սերժ Սարգսյանի հետ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, որը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: «Ես ուզում եմ ընդգծել, որ Բուլղարիան հայտարարեց իր ամենակարևոր գերակայություններից մեկը՝ դա Արևմտյան Բալկանների հարցն է մեր նախագահության ընթացքում: Բայց Բուլղարիան հանձնառու է Արևելյան գործընկերության ծրագրի կատարման, ինչպես նաև սևծովյան տարածաշրջանի և Կովկասի զարգացման գործում:
Ուզում եմ նշել, որ մենք շատ լավ փոխհարաբերություններ ունենք նաև կրթության և մշակույթի ասպարեզում: Այն, ինչ մենք այսօր Ձեզ հետ քննարկեցինք, պարո՛ն նախագահ, նոր լիցք կհաղորդեն այդ փոխհարաբերություններին՚, - ասել է նա:
Ռադևը նաև հիշեցրել է, որ հայկական համայնքը Բուլղարիայում ոչ միայն պահպանել է իր ազգային ինքնությունը, այլև բավականին լավ և արդյունավետ կերպով ինտեգրված է Բուլղարիայի հանրությանը, ներկայացված է մշակութային և գիտական կյանքում: «Դա կենդանի կամուրջ է մեր երկու պետությունների միջև, որը մենք պետք է ամրացնենք: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ջերմ ընդունելության համար և խորապես հավատում եմ, որ այս այցը նոր խթան կհանդիսանա մեր երկկողմ հարաբերությունների համար և կլինի փոխշահավետ՚, - հայտարարել է Բուլղարիայի նախագահը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ