Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի Հանրապետության
Նախագահ Ռումեն Ռադևն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նախագահին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, վերջինս հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Բուլղարիայի Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Բուլղարիայից ժամանած պատվիրակությունն իր երկրի առաջնորդի հետ այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկաներին պատմել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմության մանրամասները։ Շրջայցի վերջում Նախագահ Ռումեն Ռադևը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը Նախագահին է հանձնել թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ։Թանգարան կատարած այցից հետո հյուրերը եղել են նաև Հիշողության պուրակում, որտեղ
Բուլղարիայի Նախագահը տնկել է անվանական եղևնի։