Արմինֆո. Շարունակվում են Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Փետրվարի 12-ին Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի հանդիպումը ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամների և ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի հետ: ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը ներկայացնելով Արմեն Սարգսյանին նշել է, որ վերջինիս թեկնածության առաջադրումը պետության համար այդ կարևորագույն պաշտոնում ոգևորող է կուսակցության համար, քանի որ լավ ծանոթ լինելով Արմեն Սարգսյանի գործունեությանը թե Հայաստանում և թե Սփյուռքում, ակնկալում են նոր քաղաքական մշակույթի ձևավորում և զարգացման նոր իրողություն Հայաստանի համար: Արմեն Սարգսյանը նշել է, որ նախ ուզում է լսել կուսակցության ակնկալիքներն ու մոտեցումներն ինչպես իր առաջադրման, այնպես էլ հայաստանյան ու համահայկական խնդիրների
վերաբերյալ, ապա ներկայացնել իր տեսլականը: «Եկել եմ ձեզ լսելու»,- ասել է նա, հիշելով
անկախության առաջին տարիների իր այցելություններն «Ազգի» խմբագրություն, երբ միտքը զբաղված էր համակարգչային ծրագրերի համար հայկական տառատեսակներ ստեղծելու գաղափարով: ՌԱԿ ներկայացուցիչները, ներկայացնելով իրենց մոտեցումները համահայկական հիմնախնդիրների վերաբերյալ, խոսում էին Հայաստանի ներսում օրենքի գերակայության, ներքին մթնոլորտը փոխելու, Սփյուռքի հետ հարաբերությունները նորովի կառուցելու, Սփյուռքի ցանցային կառույցներն արդյունավետ եւ ի նպաստ համահայական խնդիրների լուծման գործածելու անհրաժեշտությունից:
Առանձնակի բարձրացվել է գիտության ու կրթութան զարգացմանը նպաստելու, զանգվածային
լրատվամիջոցների անկախությանը նպաստելու նոր քաղաքական մշակույթ ձևավորելու
անհնարաժեշտությունը: Արմեն Սարգսյանը ներկայացրել է բարձրացված հարցերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսլականը:
ՀՀ նախագահի թեկնածուն հանդիպում է ունեցել նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: ՀԴԿ նախագահը ներկայացրել է կուսակցության մտահոգությունները երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, քննարկվել են տնտեսության, կրթական, առողջապահական, դատական համակարգերի, պետական պարտքի, տարածաշրջանային և այլ հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր։
Բավական սուր բանավեճեր են ծավալվել «Ծառուկյան» դաշինքի անդամենրի հետ նախագահի
թեկնածուի հանդիպումների ժամանակ: Դաշինքի ներկայացուցիչներին, մասնավորապես, հետաքրքրել է Հայաստանի սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման, քաղաքական խնդիրների լուծման առնչությամբ թեկնածուի տեսլականը: Իսկ, ամենագլխավորը, դաշինքի անդամներին հետաքրքրել է հարցը, թե ինչպես է մտադիրը Սարգսյանը, հաշվի առնելով սահմանափակ նախագահական լիազորությունները, ապահովել իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը, եթե նա ընդհանրապես մտադիր է կամ կարող է դա անել: Վերջինս դաշինքի անդամներին հավաստիացրել է, որ իր ընտրվելու դեպքում որոշ ժամանակ անց կլուծի բոլոր այդ հարցերը, և ժամանակը լավագույն դատավորն է: