Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 11-ին
պետական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը: Այցի շրջանակներում նախատեսված են Բուլղարիայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռումեն Ռադևին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետի
հետ հանդիպումից հետո Բուլղարիայի նախագահը կայցելի Մայր Տաճար և գանձատուն:
Հանրապետության նախագահի նստավայրում հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսվում է նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև մի շարք ոլորտներում
երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Հայաստան պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահը կայցելի նաև Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Պեյո Յավորովի անվան թիվ 131
միջնակարգ դպրոց: