Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ռեսուրսները սպառված չեն:
Ըստ որում, նա համոզմունք է հայտնել, որ հակամարտության լուծումը կարող է նպաստել
տարածաշրջանային համագործակցության լիակատար ձևավորմանը, տևական խաղաղության և անվտանգության ապահովմանը: «Առաջին հերթին Հայաստանի բնակչությունը կկարողանա օգտվել տարածշրջանային համագործակցության հնարավորություններից: Դրա համար պետք է ապահովվեն հայկական զորքերի դուրսբերումն օկուպացված ադրբեջանական տարածքներից և ադրբեջանցի հարկադիր վերաբնակների վերադարձն իրենց հողեր:
Միաժամանակ խոսել խաղաղության մասին և շարունակել օկուպացիայի քաղաքականությունը լուրջ չէ: Վերջիվերջո, Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ միջազգային մակարդակով ճանաչված սահմանների ուժային փոփոխությունն
անընդունելի և անթույլատրելի է»,- ասել է Մամեդյարովը «Le Journal Du Parlement» ամսագրին հարցազրույցում: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միաժամանակ ափսոսանք է հայտնել այն հանգամանքի առնչությամբ, որ Մինսկի խմբի կողմից իրականացվող գործընթացն արդյունք չի տվել: Մամեդյարովը հերթական անգամ հիշեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի մասին և գանգատվել, որ դրանք շարունակում են թղթի վրա մնալ: «Մենք աջակցում ենք համանախագահող երկրների՝ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին, սակայն ավելի վճռական քայլերի անհրաժեշտություն կա: Համատեղ ջանքերով կազմվել է հակամարտության փուլային կարգավորման ճանապարհային քարտեզը: Համանախագահները պետք է հավատարիմ մնան իրենց դիրքորոշումներին և թույլ չտան, որպեսզի Հայաստանը խախտի բանակցային
գործընթացը: Քաղաքական և դիվանագիտական ճնշման միջոցով նրանք պետք է ապահովեն հայկական զորքերի դուրսբերումը: Այդ դեպքում բանակցությունների ընթացքում կարելի է առաջընթացի հասնել»,- ասել է Մամեդյարովը՝ հավաստիացնելով, որ Ադրբեջանն ամենից շատ է շահագրգռված հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: