Արմինֆո. Վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու Ալիևի որոշումը սպոնտան չէր: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Միանգամայն ակնհայտ է, որ այն մտածված էր, և տվյալ դեպքում Ալիևի վրա ազդել են մի շարք ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներքաղաքական գործոններ, որոնցից ամենագլխավորը միջազգային շուկայում նավթի գների բարձրացումն է»,- բացատրել է նա:
Ինչպես նշել է Նավասարդյանը, վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու ևս մեկ կարևոր պատճառ է այն, որ վերջին ժամանակներս Ադրբեջանում գլուխ է բարձրացրել ընդդիմությունը: Փորձագետը նշել է, որ տվյալ պահին, իհարկե, ընդդիմությունն Ադրբեջանում շատ թույլ է, սակայն, այնուամենայնիվ, նրանք ունեին պայքարելու որոշ շանսեր, իսկ հանկարծակի որոշմամբ Ալիևն անակնկալի բերեց ընդդիմության ներկայացուցիչներին: Բացի այդ, ինչպես նշել է դեսպանը, իրավիճակն Ադրբեջանի ներսում վերջին ժամանակներս բավական թեժ է, և գնալով դժգոհությունը երկրում կշատանա:
Միաժամանակ, ինչպես նշել է Նավասարդյանը, տեսակետ կա, որ նախագահ վերընտրվելուց հետո Ալիևն անմիջապես ռազմական գործողություններ կծավալի ղարաբաղյան հակամարտության գոտում՝ այդպիսով բարձրացնելով իր հեղինակությունը երկրում: Սակայն, փորձագետը նշել է, որ դա քիչ հավանական է, քանի որ տվյալ պահին իրավիճակը ռազմական գործողությունների համար ամենևին նպաստավոր չէ, և այս դեպքում ռիսկի գնալն անիմաստ է:Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական գործոններին, ինչպես նշել է փորձագետը, դրանցից գլխավորն այն է, որ Ադրբեջանը միաժամանակ համագործակցում է թե ԱՄՆ, թե Ռուսաստանի հետ:
Սակայն, քանի որ վերջին ժամանակներս այդ երկու երկրների միջև հարաբերություններն ավելի են սրվում, Ալիևը ցանկանում է ժամանակ շահել և հասկանալ, թե ինչպես կարող է շարունակել երկու ուղղությամբ իր մանյովրները: «Եթե Ալիևը զրկվի Ռուսաստանի աջակցությունից, նրա դիրքերը տարածաշրջանում զգալիորեն կթուլանան, եթե ԱՀ նախագահը գժտվի ԱՄՆ հետ, կզրկվի մի շարք արտոնությւոններից: Այդպիսով՝ Ալիևը ժամանակ կշահի ռազմավարություն մշակելու համար, թե ինչպես շարունակի միաժամանակ երկու երկրների հետ իր հարաբերությունները»,- պարզաբանել է Նավասարդյանը:
Նրա խոսքով, ևս մեկ կարևոր գործոն է այն, որ Ադրբեջանի գլխավոր գործընկեր Թուրքիան այժմ դժվար իրավիճակում է գտնվում՝ կապված Աֆրին ներխուժելու հետ: «Թուրքական իշխանությունները ծրագրում էին որքան հնարավոր է շուտ իրականացնել այդ գործողությունը, սակայն դա իրենց չհաջողվեց, և հիմա այդ երկրում դժգոհության ալիք է բարձրացել, ռազմաճակատում իրավիճակն էլ լավատեսություն չի ներշնչում: Այս պայմաններում Էրդողանը ցանկանում է պատերազմի մեջ ներքաշել Ալինին, սակայն վերջինս հասկանում է, տվյալ դեպքում դա իրեն ամենևին ձեռնտու չէ: Իսկ նախընտրական մրցապայքարը լավ «արդարացում» է թուրքական արկածախնդրությանը չմասնակցելու համար»,- նշել է Նավասարդյանը:
Եվ վերջին արտաքին քաղաքական գործոնը, որը, փորձագետի կարծիքով, հանգեցրել է վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու որոշման, Իրանի հետ Ադրբեջանի հարաբերություններն են: «Չնայած այն բանին, որ վերջին ժամանակներս պետությունների միջև հարաբերությունները փոքր-ինչ ջերմացել են՝ Թեհրանը չի կարող ներել Բաքվին վերջինիս ակտիվ համագործակցությունն Իսրայելի հետ: Իսկ Ալիևը չի կարող հրաժարվել Իսրայելի հետ ռազմաստրատեգիական համագործակցությունից»,- ասել է փորձագետը:
Վերջում նա անդրադարձել է նաև տարածաշրջան Մինսկի միջնորդների այցին՝ հավաստիացնելով, որ պետք չէ առանձնակի հույսեր կապել այդ այցի հետ, քանի որ բանակցությունները դեռ երկար ժամանակ կոնսերվացված վիճակում կգտնվեն: