Արմինֆո. Չնայած մի շարք խոչընդոտներին` զբոսաշրջության ոլորտն Արցախում վերջին տարիներին հաջողությամբ զարգանում է, ինչի ապացույցն է արտաքին զբոսաշրջության 40 տոկոս աճը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԼՂՀ
պետնախարար Արայիկ Հարությունյանը, ընդգծելով, որ այդ ցուցանիշը չի ներառում զբոսաշրջիկների հոսքը Հայաստանից:
Նրա ասելով, ոլորտի առաջընթացը մեծապես պայմանավորված է ենթակառուցվածքների և սպասարկման զարգացմամբ: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք զբոսաշրջության ոլորտի զարգացմանը չեն խոչընդոտում Ադրբեջանի «սև ցուցակներն՚ ու մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հանձնարարականները, պետնախարարը նշել է. «Դա շատ անգամ խանգարում է ոլորտի էլ ավելի զարգացմանը, հակառակ դեպքում, զբոսաշրջիկների հոսքը հանրապետություն կլիներ մի քանի անգամ ավելի, սակայն մենք պետք է ելքեր գտնենք իրավիճակից` հաշվի առնելով ստեղծված իրողությունները: Եվ, եթե վերլուծենք ցուցանիշները, դա մեզ շատ բանով հաջողվել է:
Ճիշտ է, ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը փոքր-ինչ վատթարացել էր, սակայն այժմ գործընթացը կայունացել է և առաջ է ընթանում՚: Անդրադառնալով վերաբնակեցման ծրագրին` Հարությունյանն ընդգծել է, որ, ինչպես և նախորդ տարիներին, այդ հարցը մնում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
«Ակտիվ տեմպերով առաջ են գնում հանրապետության շրջաններում կապիտալ շինարարության ծրագրերը, ինչը պետք է խթանի վերաբնակեցման գործընթացը: Նաև պետք է գոհունակությամբ նշեմ դրական ժողովրդագրական ցուցանիշները: Եթե 2002-2007 թվականներին հանրապետությունում ամեն տարի ծնվում էր մոտ 2100 երեխա,
ապա 2007-2017 թվականներին` շուրջ 2600՚, - ամփոփել է պետնախարարը: