Արմինֆո.Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը ՂՀ խորհրդարանի ստորին պալատում (Մաժիլիս) հանդիպում է ունեցել հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Բեյբիթ Մամրաևի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը դեսպանն ընդգծել է Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների միջև կապերի զարգացման կարևորությունը, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման, մասնավորապես` զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում փոխշահավետ կապերի հաստատման գործում երկու երկրների խորհրդարանականների ներգրավվածության անհրաժեշտությունը:
Մամրաևն, իր հերթին, շեշտել է նաև կրթական, գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել է այդ ուղղություններում կոնկրետ նախաձեռնություններով հանդես գալ:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև միգրացիայի ոլորտին վերաբերող մի շարք հարցերի: