Արմինֆո. Հայաստանը փոխում է միջազգային պայմանագրերի կնքման կարգը: Փետրվարի 8-ի նիստում կառավարությունը հավանության է արժանացել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի նախագծի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքներում և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն, օրինագծերի ընդունման հիմքում ընկած է սահմանադրական փոփոխություններով 2018թ. նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու պահից պետական կառավարման խորհրդարանական ձևի վերջնական հաստատման և կառավարության դերի բարձրացման հետևանքով արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների ոլորտում պետական գործառույթների վերաբաշխումը և դրանով պայմանավորված գործող ընթացակարգերի վերանայման անհրաժեշտությունը։
Նախագծերով կարգավորվում են ՀՀ միջազգային պայմանագրերի կնքման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, գործողության կասեցման, դադարեցման, երկարաձգման և դրանց հետ կապված այլ հարաբերությունները:
Ներկայացնելով օրինագծերի փաթեթը` փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նախատեսում են պայմանագրերի մշակման և ուժի մեջ մտնելու ընթացակարգերի փոփոխություն, մասնավորապես, կառվարության քննարկմանն է ներկայացվում փաստաթղթի նախագծի համաձայնեցված տեքստը, որը հաստատումից հետո սրբագրման ենթակա չէ: Այսօրվա դրությամբ, կառավարության հավանությանն արժանացած միջազգային պայմանագրի նախագիծը կարող է էապես փոփոխվել: Նախատեսվում է նաև լիազոր գերատեսչությունների դերի և պատասխանատվության բարձրացում: Միջազգային պայմանագրի վավերացումը, դադարեցումը կամ գորոծղության կասեցումն իրականացվում է Ազգային ժողովի կողմից` օրենքի ուժով:
Նախկինում այդ ընթացակարգն իրականացվում էր խորհդրարանի որոշմամբ: Միջազգային պայմանագրի հաստատումը, դադարեցումը կամ գործողության կասեցումն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից` միայն հանրապետության կառավարության առաջարկության հիման վրա:
Վերպետական կազմակերպություններում Հայաստանի անդամությանը, ինչպես նաև տարածքային փոփոխությանն առնչվող միջազգային պայմանագրերի կնքումը, հաստատումը կամ վավերացումը կիրականացվի հանրաքվեի միջոցով: Որպես միջազգային պայմանագրի սուբյեկտ հանդես կգա Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կառավարության և օրենքով սահմանված այլ մարմինների, որոնք միջազգային իրավական սուբյեկտ են:
Բացի այդ, նախատեսվում է միջազգային վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի կնքման և ուժի մեջ մտնելու հատուկ կարգ: Օրենսդրական նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նաև միջազգային պայմանագրերի նախագծերի տեքստերի կենտրոնացված թարգմանության իրականացում: