Արմինֆո. ՀՀ խորհրդարանը մերժել է պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Ելք» ընդդիմադիր դաշինքի նախաձեռնությունը:
Այս առնչությամբ «Ելք» դաշինքից պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել է, որ մերժելով այդ նախաձեռնությունը՝ կառավարող կուսակցությունը, ըստ էության, օրինականացրել է խորհրդարանում ծեծկռտուքները և հարձակումները: «Ըստ էության, ՀՀԿ-ն խրախուսում է խորհրդարանում և ընդհանուր առմամբ հանրապետությունում անպատժելիության մթնոլորտը»,- նշել է պատգամավորը:
«Ելք» դաշինքը հանդես է եկել նաև հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման հարցի շուրջ խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու համար ստորագրահավաքի նախաձեռնությամբ: Արտահերթ նիստ գումարելու համար դաշինքին կպահանջվի 24 պատգամավորի ստորագրություն: «Ծառուկյան» դաշինքը փոխխոսնակ Միքայել Մելքումյանի շուրթերով հայտարարել է նախաձեռնությանը միանալու պատրաստակամության մասին: «Կառավարությունն ընդհանրապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների իջեցմանն ուղղված որևէ քայլ չի ձեռնարկում՝նույնիսկ կոսմետիկ, որպեսզի ինչ-որ կերպ հանգստացնի հասարակությանը»,- նշել է Մելքումյանը:
Նշենք, որ ամիսներ առաջ խորհրդարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև: Այն բանից հետո, երբ Փաշինյանն իր ելույթում հեգնական տոնով հիշատակել էր Գեղամյանին, վերջինս բռունցքներով հարձակվել էր ընդդիմադիր պատգամավորի վրա: