Արմինֆո. Արմեն Սարգսյանը կլինի Հայաստանի իրական նախագահ՝ ի չիք դարձնելով Սերժ Սարգսյանի սահմանադրական հնարամտությունները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերի գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
Հունվարի 19-ին Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է, որ երկրի նախագահի պաշտոնի ՀՀԿ թեկնածուն Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է: Նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին, նախագահին ընտրելու են խորհրդարանի պատգամավորները, որտեղ մանդատների մեծ մասը պատկանում է ՀՀԿ-ին: Այնուհետև նոր նախագահը նոր վարչապետ կնշանակի հենց նույն ՀՀԿ-ից:
«Հայաստանը բացառություն չէ հետխորհրդային տարածության երկրների թվում, որտեղ հաստատված է արտաքին կառավարում: Միակ երջանիկ բացառությունը Բելառուսն էր, և աստիճանաբար այդպիսին է դառնում նաև Ռուսաստանը: Եվ Արմեն Սարգսյանը Հայաստանի արտաքին կառավարման որակապես նոր փուլ է:
Նախկինում Հայաստանը կառավարվել է դրսից՝ արժեքների, տնտեսական հստակ ծրագրերի առումով և այլն: Արմեն Սարգսյանի գալով՝ մի մարդու, ով շուրջ 20 տարի իրականացնում է Մեծ Բրիտանիայի կողմից մեր երկրի կառվարման գործիքի գործառույթներ, ամենօրյա արտաքին կառավարման գործիքն ուղղակիորեն կհայտնվի Հայաստանում»,- նշել է վերլուծաբանը:
Մանուչարյանի կարծիքով, Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, Սերժ Սարգսյանը և նրա շրջապատն ստիպված կլինեն պետության կառավարման հարցում բավարարվել լավագույն դեպքում երկրորդական դերով: Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում ընտրվելը վերլուծաբանը ընկալում է՝ որպես Հայաստանի արտաքին կառավարման անցում անմիջական կառավարման որակապես նոր մակարդակի:
Ըստ նրա, Արմեն Սարգսյանը Հայաստան կգա ոչ միայնակ, այլ՝ անգլիական, արևմտյան բուհերի հազարավոր շրջանավարտների, Հայաստանում անտեսանելի, բայց ազդեցիկ «Անգլիական բուհերի շրջանավարտների ասոցիացիայի» անդամների հետ միասին: Վերլուծաբանի կարծիքով, հանուն իր շահերի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելով՝ Սերժ Սարգսյանը ղեկավարվել է իր տեղային մտածողությամբ:
«Կարճ ասած՝ նա ենթադրում էր, իսկ պայմանական օտարերկրյա ակումբը՝ տնօրինում է: Եվ այդ ակումբին Սերժ Սարգսյանը դեռ պետք է՝ Հայաստանի ուղղակի կառավարմանն անցումն իրականացնելու համար, բայց շատ շուտով նրան կստիպեն հեռանալ՝ անպետքության պատճառով»,- ամփոփել է Մանուչարյանը: