Արմինֆո. Բացառված չէ, որ Պուտին-Թրամփ հուլիսյան հանդիպումն ավելի շատ վնաս, քան օգուտ է բերել ռուս-ամերիկյան հարաբերություններին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի Ռուսաստանի և Եվրասիայի գծով խորհրդական, ԱՄՆ Անվտանգության խորհրդի ռուսական բաժնի նախկին տնօրեն, Kissinger Associates-ի տնօրեն Թոմաս Գրեմը:
Այդ ենթադրության ճշմարտացիության վկայությունը, նրա կարծիքով, ինչպես այդ հանդիպումից առաջ, այնպես էլ դրանից հետո երկու երկրների հարաբերությունների հետևողական վատթարացումն է: Եվ դա՝ չնայած հակառակ սպասումներին Մոսկվայում և ավելի պակաս սպասումներին Վաշինգտոնում:
«Կոնգրեսի կողմից գոյություն ունեցող պատժամիջոցային ռեժիմի հետագա օրենսդրական ամրագրման, երկու երկրներում դիվանագիտական կազմի և դիվանագիտական հաստատությունների հարկադիր կրճատման, Ռուսաստանին Չինաստանի հետ միասին ռազմավարական հակառակորդ հայտարարելու լույսի ներքո՝ 2018 թ. այդ հարաբերությունների բարելավում ակնկալելու պատճառներ հազիվ թե կան»,- կանխատեսում է վերլուծաբանը:
Հաշվի առնելով երկկողմ և գլոբալ օրակարգի առանցքային հարցերում երկուստեք ճկունության դրսևորման բացակայությունը՝ Գրեմը կանխատեսում է Մոսկվայի հետ Վաշինգտոնի հարաբերություններում նման վարքագծի հետագա շարունակում՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանում առաջիկա նախագահական ընտրությունները և ԱՄՆ Կոնգրեսում միջանկյալ ընտրությունները:
Նշելով ԱՄՆ-ում հակառուսական և Ռուսաստանում հակաամերիկյան տրամադրությունների
ամրապնդման փաստը, չնայած համագործակցելու կողմերի հնչեցրած պատրաստակամությանը՝ վերլուծաբանն ընդգծել է համագործակցության հեռանկարների բացակայությունն այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն հրաժարվել երկկողմ օրակարգի կարևոր հարցերում իրենց պահանջներից՝ ներառյալ Սիրիան, Ուկրաինան, Միջին և փոքր հեռավորության հրթիռների վերացման մասին պայմանագիրը: Նման հեռանկարներ, Գրեմի կանխատեսումների համաձայն, մոտ ժամանակներս չեն նկատվում: