Արմինֆո. Ղարաբաղի հարցում «զենքի քաղաքականությունից» Մոսկվայի հրաժարվելու հիմնական գրավականը Երևանի այլընտրանքային քաղաքականության մեջ է: ԱրմԻնֆո գործակալությանը նման տեսակետ է հայտնել «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Ռուսաստանը, Ադրբեջանի հետ միջպետական համաձայնագրի համաձայն, շարունակում է Բաքվին նոր զենք մատակարարել: Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել ռուսական արտադրության ժամանակակից ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարման մասին: SIPRI զեկույցի համաձայն, սպառազինությունների ավելի քան 85%-ն Ադրբեջանը շարունակում է ներմուծել Ռուսաստանից: Ոչ պաշտոնական տվյալներով, Ադրբեջանի անկախության տարիներին Մոսկվան Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության մասնակից-երկրին է մատակարարել 12 մլրդ դոլարի զենք:
«Այլընտրանքային քաղաքականությունը, հավանաբար, ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է` Ադրբեջանին ժամանակակից սպառազինություններ մատակարարելուց Ռուսաստանի հրաժարվելու համար: Իհարկե, Մոսկվայի հետ կոշտ դիմակայության միջոցով երկխոսություն վարելը բավականին դժվար է, սակայն, դրա կարիքը բոլորովին էլ չկա: Պարզապես, Հայաստանը պետք է իրականացնի ավելի ինքնուրույն քաղաքականություն» - ընդգծել է նա:
Այս լույսի ներքո, վերլուծաբանը նպատակահարմար է համարում Հայաստան-ԵՄ Համաձայնագրի ստորագրումից հետո «և-և» քաղաքականության արագացումը և նյութականացումը: Այդ դեպքում, Գրիգորյանը մթնոլորտի փոփոխություն է կանխատեսում հայ-ռուսական հարաբերություններում, մինչև որ Մոսկվան կգիտակցի Երևանի նկատողությունների ողջ լրջությունը և, ըստ այդմ, փոփոխության կենթարկի Հայաստանի համար առավել անընդունելի հանդիսացող ռուսական մոտեցումները:
«Հիշեցնելով Մոսկվայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստի վերաբերյալ բազմաթիվ դժգոհությունների մասին, Էդվարդ Նալբանդյանը, իհարկե, ճիշտ է: Սակայն, անվիճելի է նաև այն փաստը, որ այս հարցի շուրջ դժգոհությունների արտահայտումից հետո էլ որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Հետևաբար, Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ոչ թե խզի հարաբերությունները, այլ պետք է կարգավորի համագործակցությունը, միաժամանակ իր արտաքին քաղաքականությունում զարգացնելով այլընտրանքային ուղղությունները», - ամփոփել է վերլուծաբանը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին, ամփոփելով 2017 թվականի գործունեության արդյունքները, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել էր, որ անձամ ինքը և ՀՀ նախագահը բազմիցս անգամ անդրադարձել են այդ հարցին: Հայաստանն ամեն ինչ անում է ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար, այդ թվում օգտագործելով նաև Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից բխող հնարավորությունները», - ընդգծել է դիվանագետը: