Արմինֆո. Հայաստանի ապագան concordia politik վարելն է` նպատակաուղղված սեփական ազգային շահերի իրագործմանը ներդաշնակեցման միջոցով: ԱրմԻնֆո-ին այդպիսի
կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ես գնահատում եմ որպես մեր երկրի տարածաշրջանային և համաշխարհային դերի և նշանակության բարձրացման լավ հնարավորություն: Սակայն, միայն Հայաստանի և ԵՄ կողմից 2017 թվականի նոյեմբերին ստորագրված ասոցացման մասին համաձայնագրի դրույթների գործնական իրագործման, մեր նույնականության պահպանման դեպքում` տարբեր բևեռների և քաղաքակրթությունների հետ միաժամանակյա
դաշնակցությամբ մենք կարող ենք արձանագրել այս աշխարհում մեր քաղաքակիրթ առաքելույթյան իրագործման փաստը՚, - ընդգծել է պրոֆեսորը:
Նրա գնահատականների և կանխատեսումների համաձայն, 2018 թվականին տարածաշրջանը, որի մաս է Հայաստանը, չի դառնա ավելի անվտանգ, նկատի ունենալով, առաջին հերթին, ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու հանգամանքը, որի համար մեղավոր է, առաջին հերթին, Ադրբեջանը, որը չի ցանկանում կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այդ փաստը, արևելագետի գնահատմամբ, պահպանում է Բաքվի կողմից Արցախի դեմ հերթական լայնածավալ ագրեսիայի նախաձեռնման սպառնալիքը:
Հայաստանի և Իրանի միջև հիանալի զարգացող հարաբերությունները փորձագետը ռազմավարական իմաստով գնահատում է որպես տարածաշրջանի վրա դրական արտացոլվող գործոն, որը վերածվում է կայունացնող գործոնի: Նրա կարծիքով, այդ լույսի ներքո` Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ամրապնդումը լրացուցիչ խթանման կարիք ունի` նոր, ավելի բարձր մակարդակի հասնելու նպատակով:Հարևան Վրաստանի հետ Հայաստանի բարեկամական, կառուցողական հարաբերությունները, որոնք հիմնված են բազմադարյան բարեկամության և ընդհանուր պատմության վրա, պրոֆեդսորը համարում է համագործակցության լավ օրինակ, նույնիսկ, երկրների տարբեր արտաքին քաղաքական վեկտորների առկայության պայմաններում:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շարունակում են մնալ անփոփոխ դաշնակցային: Իհարկե, այստեղ էլ խնդիրներ կան, մասնավորապես, Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ: Սակայն, իմ կարծիքով, անցյալ տարի նախանշվեց Մոսկվայի կողմից իր զենքի քաղաքականության սխալականության գիտակցման օգտին միտում:Կարծում եմ, որ 2018 թվականին վերջնականապես պարզ կլինի, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է ուղղել այդ սխալը՚, - ամփոփել է Սաֆրաստյանը: