Արմինֆո. Հունվարի 18-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի ներկայությամբ, ՀՀ անունից ստորագրել է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, ստորագրմանը դեսպան Հովհաննիսյանը նշել է. «Հայ հասարակությունում և, հատկապես, ընտանիքում կնոջ դերը անհնար է գերագնահատել: Հայաստանը սատարում է կանանց և, իհարկե, ընտանեկան բռնության ենթարկված բոլոր անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը և ընտանեկան բռնության վերացմանն ուղղված ԵԽ քաղաքականությունը: Համոզված ենք, որ սույն կոնվենցիան կարևոր գործիք կհանդիսանա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմի առավել ամրապնդման համար»:
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բատտաինի-Դրագոնին ողջունել է Հայաստանի կողմից առանցքային կարևորություն ունեցող այս կոնվենցիայի ստորագրումը` ընդգծելով ՀՀ հանձնառությունը մարդու իրավունքների ամրապնդման և երաշխավորման հարցում:
Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան ստորագրվել է 2011թ. և ուժի մեջ մտել 2014թ.: Կոնվենցիան նպատակ ունի պաշտպանել կանանց բռնության բոլոր դրսևորումներից և կանխարգելել, դատական կարգով հետապնդել և վերացնել ընտանեկան բռնությունը, ձևավորել բռնության բոլոր զոհերի պաշտպանության և աջակցության համապարփակ շրջանակ, քաղաքականություն և միջոցառումներ, համագործակցության նպատակով աջակցություն տրամադրել կազմակերպություններին և իրավապահ մարմիններին։
Հայաստանը կոնվենցիան ստորագրել է որոշակի վերապահումներով: