Արմինֆո. Հունվարի 18-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել "ANO-2011" քաղաքական շարժումը ներկայացնող Չեխիայի
խորհրդարանի Պատգամավորների պալատի նորընտիր նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի (Radek Vondráček)հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում քննարկվել է հայ-չեխական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը գոհունակությամբ փաստել են երկկողմ միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը՝ կարևորելով հարաբերությունների
հետագա զարգացումը, այդ թվում փոխադարձ բարձրաստիճան այցելությունների միջոցով։
Տիգրան Սեյրանյանն առանձնակի նշել է Միջխորհրդարանական միության շրջանակներում գործող բարեկամության խմբերի դերը, վստահություն հայտնելով, որ, ի թիվս մյուս խմբերի, մոտ ապագայում Չեխիայի խորհրդարանի նորընտիր ստորին պալատում կձևավորվի նաև Հայաստանի հետ բարեկամության խումբը։
Դեսպանը Պատգամավորների պալատի նախագահին շնորհակալություն է հայտնել պալատի կողմից 2017թ. ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու կապակցությամբ, զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Ռադեկ Վոնդրաչեկը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ Չեխիայի դիրքորոշումը։
Կողմերը կարևորել են Հայաստանի՝ Եվրամիության հետ համագործակցության ծրագրերի շարունակականությունը:Դեսպանը հույս է հայտնել, որ Պատգամավորների պալատը հնարավոր սեղմ ժամկետում կվավերացնի 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Ռադեկ Վոնդրաչեկին իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ: