Արմինֆո. Ֆրանսիան ողջունում է ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորմանն ուղղված ցանկացած հանդիպում:
Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը՝ ԱրմԻնֆո-ի խնդրանքով մեկնաբանելով Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա հանդիպումը և դրա արդյունավետությունը զորքերի շփման գծում շարունակվող
զոհերի լույսի ներքո:
Նրա խոսքով, Ֆրանսիայի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել: «Մենք առաջավա պես մտահոգված ենք այն հանգամանքով, որ ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է չլուծված մնալ: Ֆրանսիան կոչ է անում կողմերին երկխոսության միջոցով հասնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման: Այս համատեքստում կողմերի ցանկացած հանդիպում ցանկալի է»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ հարցի առնչությամբ մեկնաբանություններ տալու իրավասություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը: «Հայաստանում իմ առաքելությունն է՝ աջակցել հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացմանը, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում»,- ասել է դիվանագետը: