Արմինֆո. Իրանում վերջին հուզումներն ունեն ինչպես ներքին պատճառներ, այնպես էլ՝ ընդհանուր տարածաշրջանային և ավելի լայն գործընթացների մաս են հանդիսանում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Իրանը, բնականաբար, իր սոցիալ-տնտեսական խնդիրներն ունի, և որոշ մթերքների գների բարձրացումը, բնականաբար, կարող է բողոքի ալիք բարձրացնել: Միաժամանակ Իրանում վերջին իրադարձությունները հարթ տեղում չեն ծնվել: Մենք պետք է հիշենք, որ բոլոր «նարնջագույն հեղափոխությունները» և դրանք իրականացնելու փորձերը տեղի են ունենում այնտեղ, որտեղ սոցիալ-տնտեսական կամ այլ տեսակի խնդիրներ կան»,- նշել է նա:
Ըստ Հարությունյանի, պատկերացնել «գունավոր» հեղափոխություն ինչ-որ տեղ Շվեյցարիայում, դժվար է, պատկերացնել դա Իրանում, որը միաժամանակ ներգրավված է արաբական երկրներում հայտնի զինված հակամարտություններում, լիովին հավանական է: Այս առումով Իրանում բողոքական շարժման օգտագործման փորձը՝ ուժերի կողմից, որոնք ձգտում են Սիրիային և Իրաքին համանման քաոս ստեղծել այնտեղ, կարծում եմ, շատ տրամաբանական է:
Վերլուծաբանը նշում է, որ չնայած այն բանին, որ իրավիճակը վերոհիշյալ երկրներում շարունակում է հեռու մնալ կայունությունից՝ ինչ-որ վերջակետեր դիմակայությունում, այնուամենայնիվ, դրվել են: ԻԼԻՊ-ը մի շարք հարվածներից հետո կորցրել է ինքնուրույնությունը, իսկ նրա անդամները ցրվել աշխարհով մեկ՝ շարունակելով գործել ցանցային սկզբունքով: «Որպես հետևանք՝ այսօր սկսել են առաջին պլան մղվել էթնիկ, այլ ոչ թե՝ կրոնական բնույթի խնդիրներ: Եվ դա խիստ կարևոր միտում է: Գաղտնիք չէ, որ իրադարձությունների այդ ողջ շղթան տեղավորվում է ժամանակին ԱՄՆ կողմից մշակված՝ ավելի քան պայմանական «կառավարելի քաոսի»ռազամավարության մեջ»,- ամփոփել է Հարությունյանը: