Արմինֆո. Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիևան ներկայացրել է Եվրամիության խորհրդում Սոֆիայի նախագահության գերակայությունները:
Դեսպանը հիշեցրել է, որ ԵՄ անդամակցումից 10 տարի անց Բուլղարիան առաջին անգամ 6 ամիս ժամկետով ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը: Նա հավաստիացրել է, որ Բուլղարիան կշարունակի ԵՄ խորհրդում նախորդ նախագահող Էստոնիայի որդեգրած սահմանների վերացման գիծը: Դիվանագետը հավաստիացրել է, որ Բուլղարիան կշարունակի փոխհամաձայնության հասնելուն նպատակաուղղված ջանքերը: «Պատահական չէ, որ
մեր նախագահությունն անցնում է «Միասնությունն ուժ է տալիս՚ նշանաբանի ներքո, որը պատկերված է նաև Բուլղարիայի Հանրապետության զինանշանին: Բուլղարիայի նախագահությունը գործընկերների հետ համատեղ կձգտի ամրապնդել ԵՄ անդամ պետությունների և ինստիտուտների միջև միասնությունը` ավելի հզոր, անվտանգ և
համերաշխ Եվրոպայի ստեղծմանն ուղղված կոնկրետ որոշումների ապահովման նպատակով: Կարծում եմ, որ ոչ ոքի պետք չէ հիշեցնել, թե ինչի է հանգեցրել շեղումն այդ սկզբունքից՚, - նշել է դեսպանը հունվարի 17-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում: Այդ համատեքստում նա հավելել է, որ Բուլղարիան ջանք չի խնայի ԵՄ միասնության ամրապնդման համար:
Դեսպանի ասելով, Բուլղարիայի նախագահության գերակայությունները հիմնված կլինեն կայունության,անվտանգության և հաստատունության սկզբունքի վրա, որոնք փոխլրացնում են միմյանց: Նա նաև հավելել է, որ Բուլղարիայի նախագահության առաջատար սկզբունքները կլինեն պատասխանատվությունը ԵՄ ընդհանուր նպատակներին և առաջնահերթություններին հասնելու համար: Դեսպանի հավաստմամբ, առաջիկա վեց ամիսներին նախագահության հիմնական ուշադրությունը սևեռված կլինի չորս գլխավոր ուղղությունների` Եվրոպայի և երիտասարդության ապագային, Արևմտյան Բալկաններին, անվտանգությանն ու կայունությանը, ինպչես նաև թվանշանային տնտեսությանը:
Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Հայաստանում Բուլղարիայի դեսպանության առկայությունը լայն հնարավորություններ է բացում Խորհրդում Սոֆիայի նախագահության մասին իրազեկումն ընդլայնելու և Հայաստան-ԵՄ փոխգործակցության ամրապնդմանն աջակցելու տեսանկյունից, որը նախատեսվում է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր շրջանակային համաձայնագրով:
«Հայ հասարակության շրջանում դրական են գնահատել Հայաստանի և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Եվ այժմ տարբեր մակարդակներով այդ հարցի շուրջ լայն քննարկումներ են ընթանում: Եվ մենք ԵՄ խորհրդում նախագահության շրջանակում կաջակցենք Հայաստան-ԵՄ համագործակցությամբ նախատեսված գերակայությունների կատարմանը՚, - եզրափակել է Պավլովան:
Հավելենք, որ հունվարի 1-ին վեց ամիս ժամկետով Բուլղարիային է անցել ԵՄ խորհրդում նախագահությունը, որը փոխվում է կես տարին մեկ: Նախագահությունը պատասխանատվություն է կրում ԵՄ օրենսդրության վրա Խորհրդի աշխատանքի առաջխաղացման համար, ապահովելով հաջորդականությունը ԵՄ օրակարգի կատարման գործում,գործող օրենսդրական գործընթացի պահպանումը, ինչպես նաև համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների միջև: Դրա համար նախագահող երկիրը պետք է հանդես գա որպես ազնիվ և չեզոք բրոքեր: