Արմինֆո. Եթե գների բարձրացման դեմ «Ելք՚ դաշինքի առաջին երթից հետո արդյունք չլինի, ապա կլինեն երկրորդ և երրորդ ակցիաներ: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է դաշինքից պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա նաև չի բացառել նստացույց անցկացնելու հնարավորությունը: Մարուքյանի ասելով, «Ելք՚ խմբակցությունն այժմ համախմբում է բոլոր ուժերին` հասարակայնությանը կոչ անելով հունվարի 19-ին, ժամը 17:00-ին հավաքվել «Մոսկվա՚ կինոթատրոնի առջևի հրապարակում` պաշտպանելու իրենց իրավունքները:Նշենք, որ 2018 թվականին Հայաստանում զգալիորեն բարձրացել են թռչնամսի, կարագի, բենզինի, հեղուկ գազի, ոգելից խմիչքների, հավկիթի, շաքարի և այլ ապրանքների գները: Առաջիկայում սպասվում է ծխախոտի թանկացում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թանկացումները պայմանավորված են ավելի քան 800 ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացմամբ:
Դրանք, հիմնականում, պայմանավորված են այն հանգամանքով, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնել նոր Հարկային օրենսգիրքը, ինչպես նաև` ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգիրքը, ինչը ենթադրում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացում: