Արմինֆո. Երևանում երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են հայտարարել՝ սեղմված գազի գնի թանկացման հետ կապված: Երթուղային տաքսիների վարորդները, մասնավորապես, հավաստում են, որ սեղմված գազի գների բարձրացումն անշահութաբեր է դարձրել վերջիններիս աշխատանքը:
«Ստեղծված պայմաններում մենք կամ պետք է բարձրացնենք երթևեկության գինը, կամ աշխատենք վնասով: Առանց այդ էլ մեր աշխատանքը ծանր է, աշխատում ենք օրական 18 ժամ, առավոտյան 5-6- ից մինչև ուշ երեկո, իսկ դրա համար կոպեկներ ենք ստանում, և հիմա իշխանություններն իրենց անհեռատես տնտեսական քաղաքականությամբ ցանկանում են այդ կոպեկից էլ զրկել մեզ: Եթե այսպես շարունակվի, մենք կարտագաղթենք»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցոմ հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Իրավիճակը կարգավորելու նպատակով վարորդների և երթուղային գծերի տերերի հետ խոսելու է եկել Երևանի քաղաքապետի տրանսպորտային հարցերի գծով խորհրդական Ալբերտ Գևորգյանը: Սակայն, վարորդների և երթուղային գծերի տերերի հետ Գևորգյանի խոսակցության մեթոդներն ավելի շատ փողոցային ռազբորկա էին հիշեցնում: Նա բղավում էր ակցիայի մասնակիցների վրա, «հրամայում» անհապաղ նստել մեքենայի ղեկին և դադարեցնել «անկարգությունը», հակառակ դեպքում՝ «վատ կլինի»: Սակայն, պաշտոնյայի սպառնալիքները չեն ստիպել վարորդներին դադարեցնել գործադուլ:Նրանք հայտարարել են, որ աշխատանքի կվերադառնան այն դեպքում, երբ խնդիրը լուծում ստանա:
Նշենք, որ վերջին ամսում, այլ ապրանքների հետ միասին, թանկացել է նաև սեղմված գազը (18%):