Արմինֆո. Մեկ փաստաթղթով ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհնարինության մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը վկայում է այդ խնդրի ողջ բարդության մասին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով
ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման մասին Լավրովի հայտարարությանը:
Չնայած ղարաբաղյան հակամարտության փաթեթային լուծման մասին հայկական կողմի պաշտոնական դիրքորոշմանը՝ Բաբայանն, այնուամենայնիվ, համաձայնել է Լավրովի հետ այն հարցում, որ ժամանակ է պետք խնդրի քայլ առ քայլ կարգավորման համար, ինչն առաջին Ղարաբաղյան պատերազմից ի վեր լրջորեն բարդացել է: Ըստ որում Բաբայանն ընդգծել է, որ Լավրովի ասածն արմատապես տարբերվում է այն «փուլային» տարբերակից, որը պնդում է Ադրբեջանը: «Ադրբեջանը պնդում է Լեռնային Ղարաբաղի փուլային օկուպացում»,- նշել է Բաբայանը:
Նրա խոսքով, որոշակի ժամանակ է պետք՝ ադրբեջանական հասարակությունում հայերի նկատմամբ արմատացած ատելությունը վերացնելու, շփում հաստատելու, երկխոսության համար նախադրյալներ ստեղծելու համար: «Կուզեի ընդգծել, որ հայ հասարկությունում ադրբեջանցիների հանդեպ ատելություն չկա: Մենք ադրբեջանցի ժողովրդին մեր թշնամին չենք համարում: Մեզ համար թշնամին ֆաշիստական և նացիստական գաղափարախոսություն քարոզող ադրբեջանական իշխանություններն են:
Չէ որ ֆաշիզմն ատելի է ոչ միայն մեզ, այլ նաև՝ քաղաքակիրթ բոլոր երկրների համար»,- ասել է ԼՂՀ նախագահի ներկայացուցիչը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս հայտարարել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտության,այդ թվում՝ շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնման, երկու երկրների քաղաքացիական հասարակությունների մակարդակով շփումների հաստատման, շփման գծից դիպուկահարների հեռացման, ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման որոշակի նախագծերի իրականացման մասին: «Դա ճիշտ է՝ երկարաժամկետ
խաղաղության ձեռքբերման համար ինչ-որ փուլեր անցնելու տեսակետից: Այլ տարբերակ չկա»,- ասել է Բաբայանը:
Նշենք, որ հունվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ Լավրով հայտարարել է, որ ղարաբաղյան հարցը մեկընդմիշտ մեկ փաստաթղթով չի լուծվի: «Այդ խնդիրը մեկ փաստաթղթով չես լուծի:
Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի պայմանավորվածությունն այն մասին, ինչ հնարավոր է հիմա և կորոշի աշխատանքի ուղիներն այն հարցերի շուրջ, որոնք պահանջում են լրացուցիչ քննարկումներ՝ հանուն վերջնական կարգավորման ձեռքբերման, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Կողմերն են որոշողը»,-ասել է Լավրովը: