Արմինֆո. ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը համոզված է, որ ղարաբաղյան հարցը մեկընդմիշտ մեկ փաստաթղթով չի լուծվի:
«Այդ խնդիրը մեկ փաստաթղթով չես լուծի: Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը
կարտացոլի պայմանավորվածությունն այն մասին, ինչ հնարավոր է հիմա և կորոշի աշխատանքի ուղիներն այն հարցերի շուրջ, որոնք պահանջում են լրացուցիչ քննարկումներ՝ հանուն վերջնական կարգավորման ձեռքբերման, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Կողմերն են որոշողը»,- հունվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ այժմ կարևոր կլիներ լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում ավելի հանգիստ լինի: Նրա խոքով, դա կօգներ անցում կատարել քաղաքական կարգավորման:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող այդ խմդրի լուծման հստակ ծրագրեր ունենալ քանի որ այն կարող են լուծել միայն կողմերը: Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիաի հետ միասին ամեն բան անում է՝ նման կարգավորման համար պայմաններ ստեղծելու նպատակով:
Ըստ որում, ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ վերջին տարիներին ձեռնարկվել են ինտենսիվ ջանքեր՝ ամփոփելով հակամարտող կողմերի բոլոր դիրքորոշումները, փորձելով դրանցից առանձնացնել այդ ճգնաժամի այս կամ այն իրական ասպեկտին համընկող մոտեցումները և միաժամանակ փորձելով հուշել այն փոխզիջումները, որոնք կարող են ընդհանուր հայտարարի բերել կողմերին՝ այն հարցերում, որտեղ դեռևս տարաձայնություններ կան: «Այդ աշխատանքն իրականացվել է ինտենսիվորեն, այդ
թվում՝ անցնող տարում: Համանախագահների բոլոր առաջարկները, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և
Ֆրանսիայի ընդհանուր դիրքորոշումները գտնվում են կողմերի մոտ, և վերջիններս գիտեն, թե ինչ են մտածում համանախագահները, սակայն իրենք պետք է որոշում կայացնեն:
Եվ, իհարկե, մենք սպասում ենք, որ դրական ազդակներ կհաջորդեն երկու կողմերից էլ»,- ասել է Լավրովը: