Արմինֆո.Ռուսական ՀՕՊ «Էս-400՚ նորագույն համակարգեր ձեռք բերելու Անկարայի որոշումը ՆԱՏՕ-ից Թուրքիայի դանդաղ դրեյֆի ապացույց է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն Անատոլի Ցիգանոկը:
«Էս-400՚ համալիրների մատակարարումների շուրջ պայմանագիրը Մոսկվան և Անկարան ստորագրել են նախորդ տարվա սեպտեմբերին: ՆԱՏՕ-ն քննադատել է այդ պայմանագիրը: Դաշնակիցների կարծիքով, Թուրքիայի որոշումը կարող է նրան խանգարել դառնալու դաշինքի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի մաս: Անկարայում Մոսկվային դիմելը հիմնավորել են այն հանգամանքով, որ ՀՕՊ համանման համակարգեր հնարավոր չէ ստանալ ՆԱՏՕ երկրներից:
«Նման դրեյֆի պատճառներից մեկն այն է, որ չեն իրագործվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ Անկարային տրված Բրյուսելի բազմամյա խոստումները` Անկարայի կողմից մի շարք պայմանների կատարման դեպքում, որոնց թիվը տարեցտարի ավելանում էր: Եվրամիությունը նաև լիովին չի կատարել Մերձավոր արևելքի երկրներից փախստականների խնդիրների լուծմանը մասնակցության դիմաց Թուրքիային ֆինանսավորելու խոստումները: Հասկանալի է, որ նման իրավիճակում Թուրքիան այլևս Եվրամիությանն անդամակցելու առանձնապես բուռն ցանկություն չունի՚, - նշել է նա:
Միևնույն ժամանակ, փորձագետը նախորդ տարի Թուրքիայում տեղակայված Ինջիրլիք ամերիկյան օդային ռազմակայանից միջուկային մարտագլխիկների դուրս բերումը համարում է ԱՄՆ անվստահության վկայություն Անկարային հանդեպ, որի հետ Վաշինգտոնը համագործակցում է արդեն ոչ այնպիսի պատրաստակամությամբ,ինչպես նախկինում: Ցիգանոկի կանխատեսումների համաձայն, ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններում առկա խնդիրները ժամանակի ընթացքում միայն կխորանան:
«Ռոստեխի՚ գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի ասելով, Թուրքիան արդեն 2,5 մլրդ դոլարով Ռուսաստանից ձեռք է բերել «Էս-400՚ չորս դիվիզիոն: Ռուսաստանի և Թուրքիայի ֆինանսների նախարարություններն ավարտել են բանակցությունները «Էս-400՚ գնման համար Մոսկվայի կողմից Անկարային վարկի տրամադրման շուրջ, մնացել է միայն հաստատել վերջին փաստաթղթերը: Պայմանագրի ընդհանուր գումարի 45 տոկոսը Թուրքիան վճարում է
որպես կանխավճար, 55 տոկոսը Ռուսաստանի վարկային միջոցներն են: Առաջին մատակարարումները նախատեսվում են 2020 թվականի մարտին: