Արմինֆո. Էապես կրճատված ֆինանսական ռեսուրսներն ու Թուրքիան Ադրբեջանին թույլ չեն տա հերթական պատերազմ սանձազերծել Ղարաբաղի շուրջ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն Անատոլի Ցիգանոկը:
«1994 թվականի հրադադարի շուրջ համաձայնագիրը, ընդհանուր առմամբ, կպահպանվի` ոչ վերջին հերթին Ադրբեջանի ֆինանսական մուտքերի զգալի կրճատման առնչությամբ: Կարող եմ ասել, որ նոր սպառազինությունների գնումը, ի տարբերություն նախորդ տարիների, արդեն զգալի խնդիր է Բաքվի համար՚, - նշել է նա:
Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն,2015 թվականին Բաքուն ռազմական հոդվածներին հատկացրել է բյուջետային բոլոր հատկացումների 18 տոկոսը` մինչև 5 մլրդ դոլար: Սպառազինությունների 85 տոկոսից ավելին Ադրբեջանը շարունակում է ներմուծել Ռուսաստանից: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Ադրբեջանի անկախության տարիներին Մոսկվան 12 մլրդ դոլարի զենք է մատակարարել ղարաբաղյան հակամարտության մասնկից երկրին:
Որպես Բաքվում կառավարող ռեժիմի ռազմատենչության զսպման երկրորդ գործոն ռազմական փորձագետը նշում է ղարաբաղյան նոր սրմամբ Թուրքիայի շահագրգռվածության բացակայությունը: Այդ հարցում, նրա գնահատմամբ, Անկարայի դիրքորոշումը համահունչ է նրա ժամանակավոր դաշնակից Մոսկվայի դիրքորոշմանը:
«Ռուսաստանն ու Թուրքիան չեն ցանկանա փչացնել հարաբերությունները Ղարաբաղի պատճառով: Այդ երկու երկրները, պարզապես, Բաքվին թույլ չեն տա նոր ռազմական գործողություններ նախաձեռնել: Եվ հենց այդ պատճառով ամենամոտ ապագայում 2016 թվականի ապրիլյան սադրանքի կրկնություն կանխատեսելու հարկ չկա:
Չնայած շփման գծում պարբերական էսկալացիային` հրադադարի շուրջ համաձայնագիրն, ընդհանուր առմամբ,կշարունակի պահպանվել՚, - ամփոփել է Ցիգանոկը:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից: Այժմ կարգավորման գործընթացն ընթանում է 2007 թվականին Մադրիդում ԵԱՀԿ ՄԽ հնամանախագահների առաջ քաշած և 2009 թվականին թարմացված «Մադրիդյան սկզբունքների՚ հիման վրա, որոնք, ի թիվս այլ գործողություների,
ենթադրում են խաղաղապահ զորակազմի տեղաբաշխում հակամարտության գոտում: