Արմինֆո. «Երբ մենք խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների մասին, պետք է նշենք, որ քննարկում է ընթանում բանակցություններում առաջընթացի հասնելու ուղղույթյամբ, որը չկա, և դա տեսանելի է նույնիսկ անզեն աչքով, և տվյալ փուլում դրա մասին խոսելը, պարզապես, անհնար է՚, - լրագրողներին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Բանն այն է, որ կողմերի միջև վստահություն չկա, ուստի նաև բանակցություններում չկա առաջընթաց: Անհրաժեշտ է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք նպաստում են վստահության թնոլորտի ստեղծմանը. խոսքը վերաբերում է զինադադարի և հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այդ տեսանկյունից բանակցությունները նպատակաուղղված են այդ խնդրի լուծմանը, և դրանք թուլացնում են լարվածությունն Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում: Իհարկե, մենք շարունակում ենք կորուստներ կրել, իհարկե, կրակոցները շարունակվում են, սակայն, լարվածությունը շփման գծում, այնուամենայնիվ, նվազում է՚, - նշել է Քոչարյանը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպման հնարավորությանը, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետի մոտալուտ ավարտը, Քոչարյանը նշել է, որ նման հանդիպումները պայմանավորված են արտգործնախարարների բանակցությունների արդյունքներով: «Եվ քանի դեռ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը դեռ չի կայացել, ապա դժվար է ինչ-որ կանխատեսում կատարել՚, - նշել է Քոչարյանը, հավելելով, որ նախարարների հանդիպումը տեղի կունենա հունվարի կեսին, և առաջիկայում կհայտարարվի դրա անցկացման օրվա և վայրի մասին: