Արմինֆո.Հունվարի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ջավադ Չավամշահիդիի հետ։
Ինչպես տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը,
հանդիպմանը կողմերը միակարծիք էին, որ Հայաստանն ու Իրանը բազմաթիվ թելերով են կապված միմյանց, իսկ հայ-իրանական բարեկամանական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա։
Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին՝ դեսպան Սադոյանը խոսել է Հայաստանի՝ որպես տարանցիկ երկիր հնարավորությունների մասին և նշել, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկրներից միակը, որը ցամաքային սահման ունի բարեկամ Իրանի հետ, կարող է դարպաս հանդիսանալ Իրանի համար մուտք գործելու դեպի ԵԱՏՄ, ԱՊՀ և ԵՄ երկրներ:
Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի:
Դեսպան Չավամշահիդին իր հերթին նշել է, որ Իրանը, Հայաստանը և Վրաստանը փայլուն հնարավորություն ունեն եռակողմ մի շարք նախագծեր իրականացնել՝ տրանսպորտային, էներգետիկ և բիզնես ոլորտներում՝ ավելացնելով որ այդ առումով խոչընդոտներ գույություն չունեն։
Կողմերը նշել են, որ Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքը կարող է Եվրոպան Ասիային կապող նոր և շատ կարևոր կամուրջ հանդիսանալ։
Դեսպան Սադոյանն ընդգծել է «Մեղրիե ազատ տնտեսական գոտու և «Արազե ազատ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև կառավարող մարմինների միջև համագործակցության կարևորությունը:
Ռուբեն Սադոյանն Իրանի դեսպանի հետ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ նշելով, որ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը մշտապես հանդիպում են ադրբեջանական կողմի հակազդեցությանը՝ ավելացնելով, որ դրա վառ ապացույցն օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Արցախում հերթական հայ զինծառայողի զոհվելու փաստն է։ Այդ համատեքստում ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։
Ռուբեն Սադոյանը նաև հետաքրքրվել է Իրանի ներքաղաքական կյանքում ընթացող իրադարձություններով՝ ընդգծելով այն կարևորությունը, որն ունի բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար։