Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի՝ 2017 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված նիստում հայտարարել է բանակի ուժեղացումը շարունակելու մտադրության մասին:
Նա հավաստիացրել է, որ ադրբեջանական բանակը պատրաստ է կատարել առաջադրված ցանկացած խնդիր: «Մենք մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը: Այսօր, միջազգային վարկանիշի համաձայն, ադրբեջանական բանակն աշխարհի հզորագույն բանակներից է: Մենք անում ենք բանակի համար անհրաժեշտ ամեն ինչ: Ամրապնդվում է մեր բանակի նյութատեխնիկական բազան: Վերակառուցվում և հիմնանորոգվում են ռազմական բազաները, զորամասերը և զինվորական ավանները: Դրանց 80 տոկոսն արդեն համապատասխանում է միջազգային չափանիշներին: Հատկացվել և կշարունակի հատկացվել բավարար քանակությամբ միջոցներ անհրաժեշտ միջոցառումների իրականացման, այդ թվում՝ նոր ժամանակակից զենքի գնման համար»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի առաջնորդը, ինչպես միշտ, չի շրջանցել Հայաստանին և հավաստիացրել է, որ ի տարբերություն «չքավոր Հայաստանի՝ Ադրբեջանն ապրում է իր հաշվին, իր բանակը հզորացնում է սեփական ուժերով»: «Ի տարբերություն Հայաստանի՝ մենք որևէ մեկից ողորմություն չենք խնդրում, չենք դիմում վարկ ստանալու համար: Ադրբեջանի հանրությունը և հակառակորդը պետք է իմանա, որ ադրբեջանական բանակը շարունակելու է հզորանալ և պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք: Ոչ վաղուցվա պատմությունն ապացուցեց դա», - ասել է Իլհամ Ալիևը՝ չբացահայտելով, սակայն, թե ինչ պատմության մասին է խոսքը: