Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է ամերիկացի քաղաքացիների ուղևորությունների համար նոր խորհուրդներ:
Դրանց համաձայն՝ աշխարհի բոլոր երկրները բաժանված են չորս կատեգորիայի. 1-ինում ընդգրկված են այն երկրները, որտեղ անվտանգության տեսակետից ռիսկերի ամենացածր մակարդակն է, և բավարար է պահպանել զգուշավորության նորմալ միջոցներ: 2-րդ կատեգորիայի մեջ մտնում են այն երկրները, որտեղ անհրաժեշտ է զգուշավորության բարձր մակարդակ պահպանել: Պետդեպարտամենտը լրացուցիչ խորուրդներ է տվել այդ խմբի մեջ ընդգրկված երկրներ այցելողների համար: 3-րդ խմբում այն երկրներն են, որտեղ Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս չայցելել՝ անվտանգության հետ կապված լուրջ ռիսկերի պատճառով:
Հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանն ընդգրկված է 1-ին կատեգորիայում, որտեղ անվտանգության ռիսկերը նվազագույն են:
Սակայն, Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չայցելել Լեռնային Ղարաբաղ: Նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտին շարունակում է անհանգիստ մնալ, և պարբերաբար կորուստներ են տեղի ունենում: «ԱՄՆ կառավարությունը չի կարող անհետաձգելի ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ պետական ծառայողներն այնտեղ ուղևորվելու հնարավորություններ չունեն»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նույն տվյալների համաձայն՝ հարևան Ադրբեջանն ընդգրկվել է երկրորդ խմբում՝ զգուշավորության բարձր մակարդակով: Նշվում է, որ դա կապված է երկրում ահաբեկչության սպառնալիքի հետ: Վրաստանը նույնպես առաջին խմբում է, սակայն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ Աբխազիա և Հարավային Օսիա այցելություններից: Ռուսաստանը և Թուրքիան ներառված են երրորդ կատեգորիայում, որտեղ անվտանգության լուրջ վտանգ կա: