Արմինֆո. ԻԻՀ ռազմաքաղաքական համակարգի ամրության մեծ պաշարը գործնականում անհնար է դարձնում երկրում փողոցային բողոքների միջոցով իշխանափոխությունը, լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Դեկտեմբերի 28-ից Իրանի խոշորագույն քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ընդդեմ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, անկարգությունների զոհ է դարձել շուրջ 21 մարդ, շուրջ 3700 մարդ, այդ թվում, ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ձերբակալվել է: Թեհրանն արդեն հայտարարել է բողոքի ակցիաները ճնշելու մասին:
«Իհարկե, Իրանում տեղի է ունեցել հերթական «գունավոր հեղափոխություն» իրականացնելու փորձ: Միանշանակ է նաև, որ Իրանում խնդիրներ կան՝ կապված քաղաքացիների սոցիալական և քաղաքակն իրավունքների իրացման հետ: Սակայն, Մեծ Մերձավոր Արևելքում ուժի միջոցով լիբերալ գաղափարների ներդրման բոլոր փորձերի աղետալի ավարտի լույսի ներքո՝ այդ խնդիրները երկրորդ պլան են մղվում»,- գտնում է վերլուծաբանը:
Այնուամենայնիվ, Հարությունյանի կարծիքով, իրանական իշխանություններին հաջողվել է շատ արագ մարել բռնկած հրդեհը՝ երկրի ռազմաքաղաքական համակարգի ամրության պաշարի հաշվին: Իսկ ձերբակալվածների մեծ մասը, ըստ նրա, արդեն ազատ է արձակվել՝ որոշակի երաշխիքների ներքո:
«Չեմ կարող չնշել, որ Թեհրանում բողոքի ակցիաների կատալիզատորներից մեկը համարում են քրդական ինքնավարության ազդեցությունը: Կարծում եմ, հենց այս գործոնն ավելի ու ավելի մեծ նշանակություն ձեռք կբերի 2018 թվականին: Իսկ նույն Թուրքիան որոշել է պատ կառուցել Իրանի հետ սահմանին՝ հենց այնտեղ, որտեղ քրդեր են բնակվում: Այսպիսով, մերձարևելյան քաոսի վերականգնման փորձերըմ այդ թվում՝ քրդական գործոնի միջոցով, ակնհայտ է»,- ամփոփել է «Նորավանք» ԳԿՀ տնօրենը: