Արմինֆո.Հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հրավիրված է ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության, որը տեղի կունենա ՀՀ ղեկավարի նախաձեռնությամբ, սակայն հանդիպման օրակարգը չի հստակեցվում։
Այդ փաստը հարուցել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի մեծ վրդովմունքը, որը գրություն է ուղարկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ խորհրդի մյուս անդամներին` նրանց կոչ անելով չմասնակցել ՀՀ նախագահի նստավայրում կայանալիք խորհրդակցությանը։
Այդ պահանջը Փաշինյանը պատճառաբանում է ԱԺ ղեկավար մարմնի նկատմամբ նախագահի «անհարգալից՚ վերաբերմունքով` Հայաստանի կառավարման խորհրդարանական ձևի անցման պայմաններում: «Ազգային ժողովի խորհուրդը մի մարմին է, որին անդամակցում են Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները, երեք խմբակցությունների ղեկավարները, մեկ խմբակցության քարտուղար, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ փաստացի Ազգային ժողովի ղեկավար կազմը։
Կարծում եմ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման տարի հայտարարված 2018 թվականը այդ հայտարարության ոգուն և տրամաբանությանը հակասող հավաքով սկսելը կասկածի տակ է դնում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առանց այն էլ կասկածելի գործընթացը։ Որևէ մեկը իրավունք չունի և չպետք է հնարավորություն ունենա Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել» և նման գործելակերպը վիրավորական եմ համարում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի համար։ Ելնելով վերը նշվածից՝ բոլորիդ կոչ եմ անում չմասնակցել վերը նշված խորհրդակցությանը։ Եթե կա ԱԺ խորհրդի հետ որևէ հարց քննարկելու անհրաժեշտություն, Սերժ Սարգսյանը ի՛նքը պետք է ԱԺ խորհրդին հարմար ժամանակ ներկայանա Ազգային ժողով» - ասվում է Փաշինյանի հայտարարությունում:
ԱԺ խորհուրդը, որում մեծամասնություն են կազմում ՀՀԿ ներկայացուցիչները, առայժմ չի արձագանքել այդ հայտարարությանը: