Արմինֆո. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հոսպիտալացման վերաբերյալ հայկական որոշ ԶԼՄ-ների հաղորդումներն առայժմ մնում են առանց պաշտոնական արձագանքի: ԱրմԻնֆո-ին չի հաջողվել պետության ղեկավարի, իբր, հոսպիտալացման առնչությամբ որևէ մեկնաբանություն ստանալ մայրաքաղաքի «Նաիրի՚ բժշկական կենտրոնից: Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ, այդ թվում` ընդդիմադիր «Հայկական ժամանակը՚, վկայակոչելով «սեփական հավաստի աղբյուրներ՚, հաղորդել էին, թե 2018 թվականի առաջին օրերը Սերժ Սարգսյանն անցկացրել է արտասահմանում: Ըստ պարբերականի, հունվարի 1-2-ը Սերժ Սարգսյանը գտնվել է եվրոպական երկրներից մեկում, 3-ին թռել է Մոսկվա:
Ուշագրավ է, որ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը ԶԼՄ-ներին հավաստիացրել էր, որ ամանորյա տոներին Սերժ Սարգսյանը գտնվել է հանրապետությունում և տնից դուրս չի եկել` թեթև մրսածության առնչությամբ, ինչով և պայմանավորված էր նրա բացակայությունը Սուրբ ծննդյան պատարագին: Պետության ղեկավարի հոսպիտալացման վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել է այսօր առավոտյան: