Արմինֆո. Ժիրայր Սեֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ-ից հղած բաց նամակոում վրդովմունք է հայտնում երկրում տեղի ունեցող իրադարձությունների և «Սասնա Ծռեր՚ խմբի անդամների ճակատագրի նկատմամբ հայրենակիցների անտարբերության առնչությամբ: Սեֆիլյանի նամակում, մասնավորապես, ասվում է.
«Սասնա Ծռերից երեք հոգի՝ Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը նախորդ տարվա դեկտեմբերից հացադուլ են հայտարարել: Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանն արդեն մոտ են կյանքին սպառանցող վտանգի շեմին: Մինչդեռ դուք լուռ եք՝ կարծես թե վերջ չունեցող «տոնական» կերուխումի և ծույլ հանգստի ընթացքին անձնատուր: Ինչի՞ եք սպասում: Որ Հաց Բերողի ճակատագի՞րն ունենան և հետո ծափերով թաղե՞ք: Մինչդեռ Հաց Բերողի տանջամահությունը, նրա անձնազոհությունը պետք է ցասման վերածվեր: Հիմա էլ նույն անտարբերությունն է … Սա այն դեպքը չէ, որ հնարավոր չլինի համակարգին ճնշել և ստիպել, որ պարզունակ մի հարց լուծվի՝ տղաները տեղափոխվեն «Արմավիր» ՔԿՀ: Միթե՞ հասել ենք գիտակցության մթագնման և արժանապատվության անկման մի վիճակի, որից այն կողմ կրավորական մահն է: Տղաներն իրենց արարքով, իրենց գործով են ապացուցել, որ պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն սիրելի ժողովրդի, մինչդեռ դրա փոխարեն ի՞նչ են ստանում: Հաց Բերողի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի տեսակը կորցնելով՝ Հայրենիք ենք կորցնում: Սթափվելու և կրավորական թմբիրից դուրս գալու ժամանակն է՚:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը դեկտեմբերի 30-ին հացադուլ էր հայտարարել պատժախուց տեղափոխումից հետո` ի համերաշխություն ավելի վաղ հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի, ովքեր պահանջում են իրենց տեղափոխել «Նուբարաշեն՚ ՔԿՀ-ից, որտեղ չեն ապահովվում կյանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ, ինչպես նաև` բուժզննում քաղաքացիական բուժհաստատությունում: Ավելի վաղ հաղորդվել է, որ Արայիկ Խանդոյանն այսօր դադարեցրել է հացադուլը: