Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացը, եթե ոչ 100, ապա 99 տոկոսով բացառվում է: Լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս՚ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«2018 թվականին ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում ակնկալելու հարկ չկա: Նման կանխատեսումը բոլորովին զուրկ է նախադրյալներից, քանի որ, նույնիսկ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն վաղուց հրաժարվել են այն կարգավորելու փորձերից: Միջնորդների ջանքերը հանգեցվում են սահմանին լարվածությունը նվազեցնելու և փոխվստահության մթնոլորտ ստեղծելու փորձերի՚, - նշել է նա:
Քաղաքագետը պատերազմի մասին խոսակցությունները գնահատում է որպես պղպջակ` բացառելով տեսանելի ապագայում լայնածավալ պատերազմի հավանականությունը: Ընդ որում, Իսկանդարյանը չի բացառում էսկալացիան ղարաբաղյան շփման գծում` դժվարանալով կանխատեսել դրա հնարավոր ծավալները:
Նրա գնահատմամբ, իրավիճակի զարգացումը շատ բանով կախված է գերտերությունների, Երևանի, Ստեփանակերտի ջանքերից, Ադրբեջանի ներքին իրավիճակից: Իսկանդարյանը չի կանխատեսում Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրում` Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների առնչությամբ` այն պարզ պատճառով, որ Ադրբեջանի իշխանությունները, պարզապես, չեն ընտրվում:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից: Այժմ կարգավորման գործընթացն ընթանում է 2007 թվականին Մադրիդում ԵԱՀԿ ՄԽ հնամանախագահների առաջ քաշած և 2009 թվականին թարմացված «Մադրիդյան սկզբունքների՚ հիման վրա, որոնք, ի թիվս այլ գործողություների, ենթադրում են խաղաղապահ զորակազմի տեղաբաշխում հակամարտության գոտում: