Արմինֆո. Հունվարի 8-ին մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2018թ. առաջին նորակոչիկները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, զորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով Հանրապետական հավաքակայան են այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Մովսես Հակոբյանը և Արտակ Զաքարյանը շրջել են հավաքակայանում, զրուցել զորակոչիկների, նրանց ծնողների ու հարազատների հետ, պատասխանել զորակոչային պայմաններին և տրվող արտոնություններին վերաբերող հարցերին:
ԶՈՒ ԳՇ պետը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ծանոթացել են զորակոչիկների բուժզննության ու հանդերձավորման պայմաններին, վիճակահանության գործընթացին, զորակոչիկների սննդակարգին, ինչպես նաև այս զորակոչին առաջին անգամ կիրառվող զինվորական ծառայության «Ես եմե ծրագրի և և զորակոչիկներին տրվող արտոնությունների նոր ձևաչափի շրջանակում իրականացվող աշխատանքներին:
Մովսես Հակոբյանը և Արտակ Զաքարյանը զինվորական ծառայության մեկնող երիտասարդներին հորդորել են ամենայն պատասխանատվությամբ ու պատվով կրել հայ զինվորի կոչումը, լինել զգոն, ուշադիր և աչալրջորեն հսկել հայրենիքի սահմանները: