Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: Նախագահը շնորհավորել է նաև Երևանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին՝ խնդրելով նրանց իրենց գործընկերներին ևս փոխանցել իր բարեմաղթանքները: Տոնական ընդունելության ժամանակ Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների գործընթացում ունեցած ներդրման համար մի խումբ անձանց պարգևատրել է շնորհակալագրերով:
Դիմելով դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` Նախագահն ասել է.
Ամփոփելով 2017 թվականը՝ նախագահը բոլորին շնորհավորել է անցնող տարին ապագային միտված որոշումներով և արդյունքներով նշանավորելու համար։ «Այս տարի ևս մեր դիվանագիտությունը կարողացավ հետևողականություն ցուցաբերել իր առջև դրված խնդիրների լուծման հարցում։ Հայաստանը շարունակեց հանդես գալ որպես վստահելի միջազգային գործընկեր, որ պատրաստ է տարբեր հարթակներում բաց համագործակցության, ընկալելի է իր ձգտումներով և կարողանում է համատեղել ամենատարբեր գործընկերների հետ հարաբերությունները։ Հաջորդ տարի մենք հյուրընկալելու ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը՝ մեր անկախությունից ի վեր թերևս իր ծավալով բարձր մակարդակի ամենաընդգրկուն միջոցառումը։ Մենք պետք է ամենայն լրջությամբ մոտենանք աշխարհի գրեթե կեսը միավորող այդ կառույցի գագաթնաժողովի հյուրընկալմանն ու նախագահությանը, ինչը գնահատում ենք մեր հանդեպ մեծագույն վստահության և համերաշխության դրսևորում։ Իհարկե, այդ միջոցառմանը ներգրավվելու են Հայաստանի պետական բոլոր կառույցները՝ անխտիր բոլոր կառույցները, բայց այդ աշխատանքի կազմակերպչական և քաղաքական բաղադրիչի առյուծի բաժինը ընկնելու է ձեր ուսերին: Եվ շատ բնական է, որ խնդրում եմ և պահանջում՝ ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այդ աշխատանքին: Անշուշտ, անցնող տարում եղել են նաև բացթողումներ ու անավարտ գործեր, որոնք առավել հանգամանորեն դեռ առիթ կունենանք քննարկելու արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ իմ առաջիկա հանդիպման ժամանակ: Ուստի, գալիք տարի մենք կթևակոխենք թերին շտկելու, կիսատ թողածն ավարտին հասցնելու և, իհարկե, նոր, կառուցողական և ստեղծագործական գաղափարներ կյանքի կոչելու հանձնառությամբ՚, - ասել է նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը գտնվում է ակտիվ բարեփոխումների շրջափուլում, իսկ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունները դարձան մեր բարեփոխումների յուրատեսակ քննությունը: «Մայր օրենքի փոփոխությամբ մենք ընտրեցինք երկարաժամկետ և կայուն զարգացման մոդել, որի վրա խարխսվելու է նոր սերնդի Հայաստանը: 2017 թվականի ձեռքբերումներից էր Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Սա լավագույնս վկայում է, որ հանձնառու, նպատակասլաց և հետևողական աշխատանքի պարագայում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի։ Մեր հետևողական աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և Եվրասիական տնտեսական միությունում նույնպես դրական արդյունքներ է տվել, և մենք ակտիվ ներդրում ենք ունեցել մեր համար կենսական նշանակություն ունեցող այս կառույցների հետագա ամրապնդման գործում: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը մնում է մեր արտաքին և անվտանգության քաղաքականության օրակարգի առաջնագծում: Անկախ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից՝ մենք կարող ենք արձանագրել, որ շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն և ձեռք բերվեց պայմանավորվածություն լարվածության թուլացման վերաբերյալ: Այս հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. դա լավագույնս արտահայտված է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների, թե՛ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում, թե՛ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում՚, - նշել է ՀՀ նախագահը, մաղթեով, որ 2018 թվականը մեր ժողովրդի և պետության համար լինի որքան հնարավոր է դրական՝ խաղաղության, զարգացման և առաջընթացի տարի՝ լի բավարարվածությամբ և ժպիտներով։