Արմինֆո. Անկարան լիովին կարող է հրաժարվել ռուսական С-400-ից՝ ՆԱՏՕ-ի, մասնավորապես՝ ԱՄՆ, ճնշման տակ կամ հասնելով շանտաժի իր քաղաքականության արդյունքներին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի խոսքով՝ Թուրքիան արդեն Ռուսաստանից ձեռք է բերել $2,5 մլրդ արժողությամբ С-400 չորս դիվիզիոն: Ռուսաստանի և Թուրքիայի ֆինանսների նախարարություններն ավարտել են Մոսկվայի կողմից Անկարային С-400 գնելու համար վարկի տրամադրման շուրջ բանակցությունները, մնում է միայն հաստատել եզրափակիչ փաստաթղթերը: Պայմանագրի ընդհանուր գումարի 45%-ը Թուրքիան վճարում է որպես կանխավճար, 55%-ը կազմում են ՌԴ վարկային միջոցները: Առաջին մատակարարումները նախատեսվում են 2020 թվականի մարտին:
«Խիստ կասկածում եմ С-400-ի հետ կապված գործարքն իրական մատակարարումների հասցնելու Թուրքիայի կարողությանը: Այդ հարցում կիսում եմ մի շարք փորձագետների կարծիքը: ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցների, առաջին հերթին՝ ԱՄՆ ակնհայտ դժգոհությունը Ռուսաստանի հետ զենքային գործարքի ճանապարհին այսբերգի ստորջրյա մասն է միայն: Ինչպես հակառակորդներին, այնպես էլ դաշնակիցներին շանտաժը Էրդողանի համար արդեն վաղուց սովորություն է դարձել: Զենքի համար դիմելով Մոսկվային՝ նա փորձում է ճնշում գործադրել Վաշինգտոնի և Բրյուսելի վրա, որոնք մերժել են նրան այդ զենքի հարցում»,- ընդգծել է թուրքագետը:
С-400 համալիրների մատակարարումների մասին պայմանագիր Մոսկվան և Անկարան ստորագրել էին սեպտեմբերի կեսին: Պայմանագիրը քննադատության էր ենթարկվել ՆԱՏՕ-ի կողմից: Դաշնակիցների կարծիքով, Թուրքիայի որոշումը կարող է խանգարել իրեն՝ Դաշինքի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի մաս դառնալ: Անկարայում Մոսկվային դիմելը հիմնավորել են ՆԱՏՕ-ի երկրներից ՀՕՊ համանման համակարգեր ստանալու անհնարինությամբ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ