Արմինֆո. Հայաստանի նախագահի Վրաստան այցը շատ արդյունավետ էր: Այդ մասին դեկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները:
Ըստ որում, նա հրաժարվել է բացահայտել հանդիպման օրակարգի մանրամասները: Այն հարցին, թե քննարկվել է արդյոք Վրաստանով այլընտրանքային երկաթուղային հաղորդակցության բացման հարցը /ենթադրվում է Աբխազիայով-խմբ./, Շարմազանովը, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանի նախագահի հանդիպումների օրակարգի մասին պաշտոնական հաղորդագրություններում բավականաչափ տեղեկատվություն է տրվել»:
Խոսելով ընդհանուր առմամբ Վրաստանի հետ հարաբերությունների մասին՝ նա ասել է, որ դրանք դինամիկ զարգացում են ապրում բոլոր ուղղություններով: Շարմազանովի հավաստմամբ, 2018 թվականն առանձնահատուկ կլինի՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի հետ փոխգործակցության ամրապնդման տեսակետից:«Կուզեի նշել կարևոր հանգամանք. Իրանը հավասարակշռված դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ, որը խափանում է հակամարտությանը կրոնական երանգ տալու Բաքվի փորձերը, ինչը մեզ համար անընդունելի է»,-ասել է ԱԺ փոխնախագահը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին են Հայաստանի հարաբերություններն արաբական աշխարհի հետ՝ Շարմազանովը փաստել է, որ պաշտոնական Երևանը դիվանագիտական հարաբերություններ չունի միայն Սաուդյան Արաբիայի հետ, որը չի ճանաչել Հայաստանը: «Ինչ վերաբերում է արաբական աշխարհի մյուս պետություններին, ապա դրանց հետ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, հաստատված է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ակտիվ երկխոսություն: Վերջիվերջո, մենք, այսպես կոչված, Մեծ Մերձավոր Արևելքի մաս ենք կազմում: Գալիք տարում կշարունակենք զարգացնել մեր փոխգործակցությունն արաբական աշխարհի հետ»,- ասել է խորհրդարանականը: