Արմինֆո. ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անփոխարինելի կառավարիչ է:
Դեկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ով կզբաղեցնի Հայաստանի վարչապետի պաշտոնը հանրապետության՝ կառավարման խորհրդարանական կարգի անցնելուց հետո՝ Շարմազանովն ասել է, որ կգա 2018 թվականը, և ամեն ինչի մասին կհայտարարվի: Ըստ որում, նա ընդգծել է, որ Հայաստանի նախագահն իր հերթին հարցազրույցի ընթացքում պատասխանել է հասարակությանը հետաքրքրող բոլոր հարցերին: Փոխխոսնակը նաև ավելացրել է, որ կառավարման խորհրդարանական կարգի հանրապետության լիակատար անցումից հետո ՀՀԿ-ն ՀՅԴ հետ միասին կշարունակի կառավարել երկիրը մինչև 2022 թվականը:
«Ինչ վերաբերում է այն բանին, թե կմնա արդյոք ՀՀ նախագահն իշխանության ղեկին, կուզեի ընդգծել, որ չեմ ճանաչում երկրորդ գործիչ, որը կարողանա առավել արդյունավետ իրականացնել անվտանգային, արտաքին մարտահրավերների դիմակայումը և արդյունավետ լուծումներ տալը: Եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես համաձայն չեմ: Եվ նման գործիչ է նախագահ Սարգսյանը: Ավելին, գտնում եմ, որ յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելի մարդիկ՝ թե քաղաքական, թե մշակութային, թե արվեստի բնագավառում: Օրինակ՝ ինձ համար Վահան Հովհաննիսյանն անփոխարինելի գործիչ էր»,- հայտարարել է Շարմազանովը՝ ավելացնելով, որ ՀՀԿ յուրաքանչյուր անդամի համար պատիվ է լինել մի կուսակցության անդամ, որի հրամանատարը Սերժ Սարգսյանն է: Կառավարող կուսակցության մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ անկախ պաշտոնից, որը կզբաղեցնի գործող նախագահը՝ նա կշարունակի մնալ ՀՀԿ առաջնորդ: «Մեր կուսակցությունում կա մեկ լիդեր: Բոլորը՝ թե ես, թե Կարեն Կարապետյանը /վարչապետ-խմբ./, թե Վիգեն Սարգսյանը /պաշտպանության նախարար-խմբ./, թե այլ քաղաքական գործիչներ գիտակցում են դա: Եվ այն, թե ինչ պաշտոն կզբաղեցնի Սարգսյանը, և կզբաղեցնի այն ընդհանրապես, կորոշվի կուսակցության համագումարի ժամանակ, և դուք այդ մասին կտեղեկացվեք»,- ասել է Շարմազանովը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ