Արմինֆո.Դեկտեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ 25 տարի առաջ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունների հաստատումից ի վեր, երկկողմ փոխգործակցությունը աճել ու համալրվել է նոր բովանդակությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծել է, որ հարաբերությունների քառորդդարյա ժամանակահատվածում Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ձևավորվել են գործընկերային հարաբերություններ՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը բխում է երկկողմ շահերից:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և պարբերական շփումների շարունակականությունը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ հաջողությամբ իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների թվով 5-րդ ծրագիրը՝ ընդգծելով Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության պրակտիկ իրականացման կարևորությունը:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղության ու կայունության հաստատման՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող հավաքական ջանքերում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ գործողություններում Հայաստանի արժեքավոր ներդրման համար։
Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործին՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի:
Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանում դեկտեմբերի 13-ից 18-ը ՆԱՏՕ-ի հերթական շաբաթն անցկացնելու, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի նախաձեռնության շրջանակներում Կանանց, խաղաղության և անվտնագության թեմայով սեմինար կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների:
ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: