Արմինֆո.Միջազգային օրակարգում ղարաբաղյան խնդիրը պահածոյացված է, գոյություն չունի այսօր, միջազգային կոնտեքստում այն չենք տեսնի, համոզված է հայտնի վերլուծաբան Իգոր Մուրադյանը:
«Շատ հնարավոր է՝ ամերիկացիները ինչ-որ բան նախաձեռնեն՝ նոր գաղափարներ առաջ քաշեն։ Գուցե ցանկանան ինչ-որ խնդիրներ առաջ քաշեն, բայց հիմա դա ոչ ոքի համար էական չէ։ Այս առումով անձամբ ես ղարաբաղյան հակամարտության կարգավրման հարցում: Թրամփի հետ կապված որևէ սպասում չունեմ: Առհասարակ Կովկասում տարբեր խնդիր կան, դրանցից մեկը կարող է լինել Իրանին ուղղված հարվածը։ Չեմ կարծում, թե շատ հեռու գնան, ներկայիս իրավիճակն էլ Կովկասում բավարարում է ԱՄՆ-ին»,- հայտարարել է նա 1in.am-ին:
Այս համատեքստում վերլուծաբանը զուգահեռներ չի տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի և Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու միջև: Ըստ նրա, Թրամփը ամերիկյան էլիտայի որոշակի շրջանակների տեսակետն է ներկայացնում։ «Նա հասկանում է, որ մեկուսացման մեջ գտնվելը ամերիկյան իսթեբլիշմենթի մեջ հնարավոր չէ՝ անհրաժեշտ է նախաձեռնողականություն ցուցաբերել։ Ընդ որում՝ այդ նախաձեռնողականությունը պետք է շատ բուռն, ճչացող լինի և նա հենց դրանով է զբաղված։ Այդ նախաձեռնություններից մեկը Երուսաղեմի հարցն է։ Իհարկե իր համար այդ խնդիրը որևէ էական նշանակություն չունի, ըստ իս՝ նա բոլորովին անտարբեր է այդ հարցում։ Բայց դա անհրաժեշտություն էր դարձել իր վարկանիշի բարձրացման համար։ Սրանով նա գրավում է իր թիմի շատ մեծ մասին։ Այստեղ որևէ անսպասելի բան չկա, որովհետև Հանրապետական կուսակցությունը միշտ քարոզում էր այդ գաղափարը և վերջապես այն իրականացվեց։ Եթե նա չլիներ՝ այդ գաղափարի նախաձեռնողը մեկ այլ Հանրապետական կլիներ, կարող է և Հանրապետական չլիներ, որովհետև մինչև վերջ հայտնի չէ, թե ով է նախաձեռնողը։ Քլինթոնն էլ էր կողմնակից, որ Երուսաղեմը ճանաչվի»,- ասել է վերլուծաբանը: