Արմինֆո.Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի կերպ կախված չէ մերձավորարևելյան դինամիկայից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Իսրայելի 15-րդ գումարման Քնեսետի պատգամավոր, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերը:
«Չեմ կարծում, թե ԱՄՆ կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու առնչությամբ Երևանի արտահայտած մտավախություններն ի զորու են ինչ-որ կերպ անդրադառնալ հայ-իսրայելական հարաբերությունների վրա, հատկապես` աշխարհի երկրնեի մեծ մասի արտահայտած համանման մտավախությունների լույսի ներքո: Իմ կարծիքով, Հայաստանի հետ մեր հարաբերությունները և Երուսաղեմի ճանաչումը միանգամայն տարբեր թեմաներ են՚, - նշել է նա:
Ցինկերի գնահատմամբ, Դոնալդ Թրամփը դեռ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք: Եվ այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահը կատարել է իր խոստումը, իսրայելցիներն ընկալում են որպես դրական, սակայն դեկլարատիվ քայլ, քանի որ երեք հազար տարուց ավելի Երուսաղեմը հրեա ժողովրդի կենտրոնն է և միշտ կլինի Իսրայելի մայրաքաղաքը:
«Այդպիսով, Թրամփի խոսքերը հերթական անգամ հաստատեցին առկա իրողությունները, և իրականում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել Երուսաղեմի և նրա իրական կարգավիճակի շուրջ: Այդ լույսի ներքո` չափազանցված համարելով մահմեդականների հակազդեցությունն ԱՄՆ նախագահի հայտարարությանը, հուսով եմ, որ Գազայում և Հորդանանի աջ ափին հուզումներն աստիճանաբար կհանդարտվեն: Իսրայելապաղեստինյան դիմակայության խնդիրները չեն լուծվում, քանի որ հաշտության գործընթացը սառեցվել է: Սա է իրականությունը՚, - ամփոփել է իսրայելցի քաղաքական գործիչը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ