Արմինֆո.Իսրայելի կողմից պատմական փաստի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն իրական է, բայց այն տեղի չի ունենա հիմա. գործընթաց կա, և այն պահանջում է որոշակի ժամանակ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել XV գումարման Քնեսեթի պատգամավոր, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի /ICES/ նախագահ Ալեքսանդր Ցինկերը:
«Խոսելով գործընթացի մասին, նկատի ունեմ մեր երկրում հասարակական տարբեր հոսանքների կողմից Ցեղասպանության ճանաչման լոբբինգը: Իսրայել-Հայաստան հասարակական համաժողովը նույնպես զբաղվում է այդ հարցով, այդ ուղղությամբ շատ բան է ձեռնարկում Իսրայել-Հայաստան բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, Քնեսեթի փոխնախագահ Թալի Պլոսկովան: Ցեղասպանության ճանաչմանն աջակցող խորհրդարանականների թիվը հետևողականորեն աճում է Քնեսեթի բոլոր խմբակցություններում: Իսրայելի քաղաքացիների մեծ մասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության գիտակցման մասին են վկայում հասարակական կարծիքի հարցումները»,- հայտնել է քաղաքագետը:
Ընդհանուր առմամբ դրական արտահայտվելով Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ ներկայացնելու վերաբերյալ «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդի մտադրության մասին՝ Ցինկերը նշել է, որ Ցեղասպանության ճանաչման վրա ազդելու շանսերն ավելի շատ էին, երբ Լապիդը ֆինանսների նախարար էր, իսկ նրա կուսակցությունը գտնվում էր կառավարող կոալիցիայում:
Որպես Երուսաղեմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու իրական ճանապարհ՝ Ցինկերը համարում է պատմության, մշակույթի և կրթության խորհրդարանական հանձնաժողովում գտնվող և արդեն հավանության արժանացած համապատասխան նյութերի՝ Քնեսեթեի քննարկմանը և քվեարկությանը ներկայացնելը: Քաղաքագետը գտնում է, որ պարբերաբար Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին պնդող կուսակցությունների կողմից Ցեղասպանության ճանաչման «կողմ» քվեարկելու դեպքում այդ հարցի լուծման իրական շանս կառաջանա: