Արմինֆո.«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դեմ հանդես եկող ուսանողները վերսկսել են հացադուլը:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի ղեկավար Դավիթ Պողոսյանը facebook-ի իր էջում գրել է. «Կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց և պետական մարմինների հետ քննարկումներում որևէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը այլ բան չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումները, և պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադարել է: Մեր պայքարը դադարել է հացադուլի ժամանակ: Այժմ մենք նորից հացադուլ ենք սկսում և միայն մեր պահանջների բավարարման դեպքում կդադարեցնենք այն»:
Նախաձեռնության անդամները պահանջում են վերականգնել տարկետման իրավունքը: «Պաշտպանության նախարարությունը չի ընդունում օրենքի բացասական ազդեցությունը գիտության վրա և տարկետման իրավունքի կարևորությունը գիտության զարգացման համար: Պատգամավորների և պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ մեր աշխատանքում շոշափելի արդյունքներ չգրանցվեցին: Այդ բանակցությունները ընթանում են ոչ թե լուծումներ գտնելու համար: Այս պայմաններում բանակցությունները շարունակելու իմաստ չկա»- հայտարարել է Դավիթ Պետրոսյանը:
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն իր հերթին չի հասկանում օրենքի դեմ բողոքող ուսանողների տրամաբանությունը: Ագգային ժողովում լրագորղների հետ զրույցում նա հայտարարել է, որ երիտասարդների հետ վերջին հանդիպումը տեղի է ունեցել պաշտպանության նախարարի մոտ, որտեղ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդները հստակ առաջարկներ կներկայացնեն: Զաքարյանի խոսքով, իրենք դեռ սպասում են առաջարկների: «Խնդրել ենք, որ այս շաբաթվա ընթացքում ներկայացվեն առաջարկություններ, որոնց համաձայն՝ կարելի է հստակ սահմանել գիտության և կրթության ոլորտում նշանակալի ձեռքբերումները՝ տաղանդ ունեցող երիտասարդներին տարկետում տալու համար: Անկեղծ ասած՝ ինձ համար տարօրինակ է, որ այդ հնարավորությունը, որի համար ուսանողները պայքարում էին, այժմ իրենց իսկ կողմից չի օգտագործվում»,- ասել է նա: