Արմինֆո.«Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ՚, - ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Շարլ Ազնավուրը՝ դա համարելով անընդունելի: Ըստ «Ազատության՚, Ազնավուրն ընդգծել է. «Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները»:
Աշխարհահռչակ շանսոնյեի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ. «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ», - ասել է նա: Ազնավուրը նշել է, որ իր գործունեությամբ ջանում է անել այնպես, որ Հայաստանն ունենա շատ բարեկամներ: «Ես կոչ եմ անում մարդկանց ներդրումներ կատարել Հայաստանում, նվիրվել Հայաստանին», - ընգծել է նա:
Ըստ նրա,Հայաստանն այժմ շատ վատ ուղու վրա չէ, առաջ է գնում, որոշ բաներ լավ են, գլխավոր խոչընդոտը՝ կոմունիստական հասարակարգի թողած դրոշմն է, որից ամբողջապես ազատվելու համար դեռ մի քիչ ճանապարհ պետք է անցնել:
Շանսոնյեն անդրադարձել է նաև «Շարլ Ազնավուր» հիմնադրամին, որը փոխարինում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված «Ազնավուրը Հայաստանի համար» միությանը: Ազնավուրը նշել է, որ հիմնադրամը շարունակում է նախորդի մարդասիրական գործունեությունը՝ տուն ու տանիքից զուրկ մարդկանց օգնելու համար, բայց նաև մշակութային գործունեություն է ծավալելու:
Նույն հարցազրույցում Ազնավուրն անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախկին և ներկա նախագահներին՝ Ֆրանսուա Օլանդին և Էմանյուել Մակրոնին: «Պետք է դեռ թողնել, որ նա աշխատի, պետք է վստահություն ցուցաբերել նրա հանդեպ», - ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ ինքը մտադիր է Հայաստան հրավիրել Մակրոնին: «Մի հրավեր, որը պետք է նախապատրաստել այնպես, որ այն օգտակար հանդիսանա Հայաստանի համար», - ասել է Ազնավուրը:
Հավելենք, որ 93-ամյա երգիչը շարունակում է համերգներով հանդես գալ: Վերջերս Փարիզի ամենամեծ համերգասրահում տեղի ունեցավ նրա մենահամերգը: Հւնվարի 20-ից մինչև փետրվարի 6-ն Ազնավուրը համերգներով հանդես կգա Ֆրանսիայի մի շարք քաղաքներում: