Արմինֆո. Դեկտեմբերի 18-ին Հայաստան կայցելի ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոտեմյուլլերը: Դեկտեմբերի 13-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսը:
Նրա ասելով, առաջիկա այցը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև բարձր մակարդակի համագործակցության վառ օրինակ է: ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպումներ կանցկացնի Հայաստանի նախագահի, պաշտպանության նախարարի և արտգործնախարարի հետ: Նախատեսվում է նրա ելույթը ԵՊՀ-ում:
Անդրադառնալով մեկնարկող ՆԱՏՕ շաբաթին` Պուգլիսն ընդգծել է, որ այդ միջոցառումը կարևոր է դաշինիք համար, քանի որ հնարավորություն է ընձեռում ներկայացնելու Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ողջ սպեկտրը: Պուգլիսը նաև երախտագիտություն է հայտնել Հայաստանին Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին մասնակցության համար: Նա ընդսմին ընդգծել է, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի սահմանափակվում ռազմական փոխգործակցությամբ, իրագործվում են այլ բնույթի մի շարք նախագծեր, այդ թվում` վստահության հիմնադրամի ստեղծումը, որը կիրագործվի Գերմանիայի ֆինանսական աջակցությամբ: «ՆԱՏՕ շաբաթի հիմնական նպատակը մեր փոխգործակցության մասին հասարակայնությանն իրազեկելն է, այդ առնչությամբ կցանկանայինք առաջիկա միջոցառումում ներգրավել հնարավորինս շատ մարդկանց՚, - եզրափակել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորվել է, ՆԱՏՕ-ն Հայաստանին աջակցություն կտրամադրի հնացած ռազմական տեխնիկայի ոչնչացման գործում: Դաշինքի հետ համաձայնագիրը, որն ստորագրվել էր 2017 թվականի հուլիսի 14-ին, վավերացվել է դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի ասելով, համաձայնագրի շրջանակում Հայաստանը կոչնչացնի 161 միավոր ռազմական տեխնիկա, որոնք կորցրել են մարտական կարևորությունը: Այդ տեխնիկան կապամոնտաժվի և կվաճառվի որպես մետաղ: Վաճառքից ստացված միջոցները կուղղորդվեն հանրապետության` Ադրբեջանին սահմանակից տարածքների ականազերծմանը և տեղի բնակիչների իրազեկման մակարդակի բարձրացմանը: Հնացած մարտական տեխնիկայի ոչնչացումից հետո Հայաստանը կարող է ստանալ նույն քանակությամբ նոր տեխնիկա: Նախագծի իրագործման համար Գերմանիայի կառավարությունը կհատկացնի շուրւ 1,5 մլն եվրո: Ծրագրի իրագործման նպատակով առաջիկա երկու ամիսներին Հայաստանն ու ՆԱՏՕ-ն կստեղծեն Վստահության հիմնադրամ, որի նկատմամբ կկիրառվեն հարկային և մաքսային արտոնություններ, ինչպես նաև գույքի անձեռնմխելիություն:
Հավելենք, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցությունը կառուցվում է ՆԱՏՕ-Հայաստան անհատական գործընկերության ծրագրին համապատասխան, որն ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին: Ծրագրին Հայաստանի մասնակցությունը ենթադրում է տարածաշրջանային անվտանգության շուրջ պարբերաբար խորհրդատվությունների անցկացում ՆԱՏՕ-ի հետ, անվտանգության ռազմավարության մշակում, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, պաշտպանական և բյուջետային պլանավորման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր: